Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:51 28-01-2023

Զինված ուժերի վերափոխման ու բարեփոխման գործում մենք, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,
Սիրելի զինվորներ և սպաներ,

Շնորհավորում եմ ձեզ մեր Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության ու անկախության կերտմանը զուգընթաց և իր ձևավորման պահից բանակի գերագույն կոչումն ու առաքելությունը մեկն էր՝ մեր հայրենիքի սահմանների, մեր քաղաքացիների անվտանգության պահպանությունն ու պաշտպանությունը և ամենակարևորը՝ մեր երկրում խաղաղության երաշխավորումը:

Անցած տասնամյակների ընթացքում մեր Զինված ուժերը ծանր փորձությունների միջով անցան՝ ճաշակելով և՛ հաղթանակի բերկրանք, և՛ կորուստների դառնություն, բայց մեր բանակի վերջնական նպատակը մնացել է միշտ նույնը՝ ապահովել խաղաղություն մեր ժողովրդի համար:

Խաղաղ, անվտանգ ու պաշտպանված հայրենիք ունենալու համար հազարավոր հայորդիներ նվիրեցին իրենց կյանքը. խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ:

Սիրելի հայրենակիցներ,

Զինված ուժերի 31-րդ տարեդարձը նշում ենք պետականության համար վճռական ժամանակաշրջանում: Այսօր դեռ ապաքինված չեն 44-օրյա պատերազմի վերքերը, հակառակորդները շարունակում են իրենց ագրեսիվ հռետորաբանությունը և վերջինիս մենք՝ որպես պետություն, կարող ենք հակադրել միայն ժամանակակից, կայացած, ամուր ու պրոֆեսիոնալ բանակ:

Զինված ուժերի վերափոխման ու բարեփոխման գործում մենք, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք, բայց այդ գործում առավել էական է, թե որ սկզբունքներն ու հայեցակարգն են լինելու մեր ուղենիշերը: Այդ գաղափարները հստակ են՝ խաղաղություն, մեր պետության սահմանների ու ինքնիշխանության պաշտպանություն և անվտանգություն: Հենց այս նպատակներին հասնելու համար բանակին անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներիս աներկբա զորակցությունը, որովհետև բանակն ինքնաբավ ու ինքնուրույն մի կառույց չէ, այլ մեր հասարակության խտացված արտացոլանքն ու պետական մտածողության բյուրեղացման արդյունքը:

Սիրելի զինվորներ ու սպաներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն, տոկունություն և ամուր կամք»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից