Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:45 27-01-2023

Փաշինյանը միտք չի տալիս թշնամուն, ինքը, հակառակը, մեզ է փոխանցում իր և թշնամու համատեղ մտքերը. Արցախի ԱԺ պատգամավոր

«Ես անմիջապես նկատեցի դա, որ ինչ-որ սցենարում մասնակի փոփոխություն է կատարվել՝ Հայաստանի իշխանությունների և Ադրբեջանի այդ համատեղ սցենարում, որոնք իրենք ունեն»,- այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Փաշինյանի երեկվա ելույթից, որում Փաշինյանը, խոսելով Բաքվի մասին, ասում էր՝ եթե բացեն միջանցքը, որոշ արցախցիներ լքելու են Արցախը, հետո նորից փակելու և հաջորդ անգամ բացելու դեպքում էլի մարդիկ են գնալու Արցախից։

Ըստ Հակոբյանի՝ տեղի ունեցող այդ փոփոխությունները պայմանավորված են Արցախում տեղի ունեցողով։

«Իրենք ևս տեսնում են, որ Արցախցուն հնարավոր չէ կոտրել, ինչ բերում են գլխին, նա հետ չի կանգնում իր պահանջից։ Մենք իրոք օրեր ենք ունեցել, որ ընդհանրապես բնակարանները ջեռուցելու ոչ մի հնարավորություն չենք ունեցել, բայց մարդիկ միևնույնն է էլի ժպտացել են, փորձել են իրար թև-թիկունք լինելով դուրս գալ այդ իրավիճակից։ Սա իրենց պլաններում նախատեսված չէր։ Կապված դրանով՝ երեկ Հայաստանի ղեկավարը հերթական վտանգավոր արտահայտությունը արեց և դրանով հասկացրեց, որ ինչ-որ բան է փոխվել սցենարում։ Այդ արտահայտությամբ հույս ուներ, որ սովորական քաղաքացին կարդալով անպայման խուճապի մեջ է ընկնում։ Այսինքն՝ ինքը դրանով ուզեց ասի, որ Արցախի հարցը, ինչպես ինքն է ասում, լուծված է և ճանապարհը փաստորեն, ըստ Փաշինյանի, կամ ըստ իր պայմանավորվածության, որովհետև նա ասեց՝ մեր ունեցած տեղեկություններով, դա նշանակում է, որ իրենք ուղիղ կապով այս սցենարով փոփոխություն են արել»,- ասաց Հակոբյանը։

«Ինքը ունի հիմա մեկ նպատակ՝ կարճ ժամանակով բացել ճանապարհը՝ բնականաբար հույս ունենալով, որ ինչ-որ մի մասը դուրս կգա Արցախից, այնուհետև փակել՝ հույս ունենալով, որ երկրորդ անգամ փակելով՝ ավելի շատ մարդ դուրս կգա։ Եվ այդպես շարունակ հասցնել այն վիճակին, որում գտնվեց Նախիջևանը, բայց վստահ եմ, որ իրենց այդ պլանը ևս ձախողվելու է, որովհետև ամեն բացվող օրվա հետ, ում մեջ կասկած է եղել կամ Արցախը լքելու ցանկություն, հակառակին են պատրաստ»։

Հնչեցվող այն կարծիքներին, որ եթե մեկ այլ գործիչ նման կերպ արտահայտվեր, կասեին, որ ուղղություն է ցույց տալիս թշնամուն, Հակոբյանն արձագանքեց․ «Բնականաբար Փաշինյանը մտքեր չի փոխանցում թշնամուն, ինքը, հակառակը, մեզ է փոխանցում՝ իր և թշնամու համատեղ մտքերը։ Այսինքն՝ հերթական ապացույցը գրանցվեց, որ Փաշինյանը, Ալիևի հետ համագործակցելով, ունի նպատակ․ առանց որևէ հայի թողնել Արցախը, և անցնել նաև Հայաստանի սուվերեն տարածքներին, ինչի նկատմամբ համենայն դեպս այս կարճաժամկետ փուլում նկրտումներ ունեն և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան։ Սա հստակ իրենց կարճաժամկետ ծրագիրն է, երևում է նաև, որ Ադրբեջանը հստակ ճնշումներ ունի և արդեն պահանջում է խոստումների կատարում, և այդ պատճառով էլ Փաշինյանը երեկ մի այլ վիճակում էր, որում երևի առ այսօր չէինք տեսել, այսինքն՝ էլ տարբերակ չունենալով ինքը ավելի բացահայտ էր խոսում իր ծրագրերի մասին, որովհետև այն խոստումները, որ ինքը տվել է, հիմա ժամանակը եկել է կատարելու և ըստ երևույթին՝ նաև կապված Թուրքիայում գալիք ընտրությունների հետ իրեն ստիպում են արագացնել և կատարել խոստումները»։

Ձեզ գուցե հետաքրքրի