Մշակույթ 3 տարի առաջ - 23:04 20-01-2023

Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս

1872 թվականի հունվարի 21-ին Կոստանդնուպոլսում մահացավ բանաստեղծ Պետրոս Դուրյանը։

«Պատվավոր երկաթագործ» Աբրահամի ընտանքում ծնված Դուրյանն իր ապրած կարճ կյանքի ընթացքում հասցրեց լիուլի զգալ աղքատության, թշվառության, դառնության համն ու բույրը։ Իր կյանքի համառոտ նկարագիրը շատ ամբողջական ու ավարտուն ներկայացրել է հենց ինքը` բանաստեղծը.

«Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա, շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»։

16 տարեկանում Սկյուտարի ճեմարանն ավարտելուց հետո թշվառության, կարիքի ու սովի դեմ պայքարելու համար ինչով ասես, որ չի զբաղվել այս «հեգ տղան»։ Նա եղել է գրագիր, դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։

Այսպես Դուրյանը փորձել է իր տեղը գտնել այս արևի տակ, ապրել, օգնել ծնողներին, սիրել, արտահայտվել բանաստեղծորեն... Սակայն, ավաղ, նրա մաքառումները, բանաստեղծական ու դրամատուրգիական որոնումները կարճ տևեցին։

1871-ին Պետրոս Դուրյանի կրծքում բուն դրեց մահաբեր թոքախտը։ Նրա հիվանդության ավարտն այնքան ակնհայտ էր ու այնպես դրոշմված նրա դեմքին, որ այս մասին իր հուշերում դերասանուհի Ազնիվ Հրաչյան գրել է. «Ներս մտավ պատանի մը՝ երկար հասակով ու երկայն վզով, ուներ երկայն քիթ, գունատ էր։ Մոխրագույն ու շատ մաշված զգեստ էր հագած. թևքին տակ կար տետրակ մը։ Երբ երևցավ, դերասանուհիները սկսան ծիծաղ՝ ըսելով. «Քա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»։ Իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»։ Ես լսեցի այդ խոսքերը, բայց չէի կարծեր, թե պատանին ալ լսած էր։․․․ Երբ իր մահեն հետո կարդացի անոր բանաստեղծությունները, ան ատեն իմացայ, թե ան էլ լսած էր Թերեզա Չուխաճեանի խոսքերը, քանի որ գրել էր․

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ - ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ - «Կը մեռնի»։

Պետրոս Դուրյանը մահացավ 1872 թվականի հունվարի 21-ին։ Նա ընդամենը 20 տարեկան էր։

Պետրոս Դուրյանը չհասցրեց ապրել, սիրել, տպագրված տեսնել իր բանաստեղծությունները, նույնիսկ` լուսանկարվել։ Նրա հայտնի միակ այս նկարը, որ բոլորիս հայտնի է դեռևս դպրոցական դասագրքերից, ստեղծվել է մոր ու քրոջ դեմքերի նմանության և բանաստեղծին ճանաչողների հիշողությունների հիման վրա:

Ասում են. մահից մի օր առաջ հավերժի ճամփան բռնած Դուրյանն ասել է.

«Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս»։

Նաիրա Եղիազարյան


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան