Ներքին 3 տարի առաջ - 19:03 19-01-2023

Վարչապետին զեկուցվել է Ոստիկանության 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև նորաստեղծ Ներքին գործերի նախարարության գործունեության ուղղությամբ առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՆԳՆ և Ոստիկանության պաշտոնատար այլ անձինք:

Զեկուցվել է, որ 2022 թվականին ավարտին է հասցվել Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը և այժմ ընթացքի մեջ են գերատեսչության բնականոն գործունեության ապահովման աշխատանքները, որոնք կտևեն 6 ամիս: Նշվել է, որ նախատեսվում է ապառազմականացնել Ոստիկանության զորքերը և ձևավորել Ոստիկանության գվարդիա, որի գործառույթների մեջ են մտնելու հասարակական կարգի, պետական շենքերի անվտանգության ապահովումը և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության պարեկային ծառայություններ են ձևավորվել Լոռու և Շիրակի մարզերում, արդեն առաջիկա օրերին նման ծառայություններ կսկսեն գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Ընթացքի մեջ են Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում Պարեկային ծառայությունների ձևավորման աշխատանքները: Ներկայում ընթացքում է մրցույթային փուլը՝ կադրերի համալրման նպատակով: 2023 թվականին նախատեսվում է ձևավորել նաև Ջրային պարեկային ծառայություն:

Պատասխանատուները զեկուցել են Ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացի մասին, ինչի արդյունքում տեղի կունենա և աշխատավարձերի բարձրացում, և սոցիալական երաշխիքների բարելավում:

Հաջորդիվ ներկայացվել են հանցավորության դեմ պայքարի, Ոստիկանության համակարգի տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, կրթական միջավայրի բարելավման, Ոստիկանության ծառայողների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում, ներկայումս ընթացքի մեջ են վերջինիս տեխնիկական միջոցներով համալրման աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման թիվը 2021 թվականի համեմատ ավելացել է 77 տոկոսով:

Ներկայացվել են Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի գործունեության արդյունքները: Տեղեկացվել է, որ նորաստեղծ կենտրոնը գործունեության երկու ամսում կայացրել է 2155-ով ավելի վարչական պատասխանատվության որոշում: Տեղեկացվել է, որ 2022 թվականի ընթացքում Հանրապետությունում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Մասնովարապես, նախորդ տարի արձանագրվել է 4 հազար 308 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 321 և մարմնական վնասվածքներ ստացել 6 հազար 153 անձ: 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը նվազել է 296-ով, զոհերի թիվը՝ 47-ով, իսկ վիրավորներինը՝ 546-ով: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում ՃՏՊ-ների թվի նվազում տեղի է ունեցել առաջին անգամ:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ձևավորմանը, Հանրապետությունում առկա օպերատիվ իրավիճակին, հանցագործությունների դեմ պայքարին, Օպերատիվ կառավարման համակարգի ներդրմանը, ինքնագլորների հետ կապված խնդրին և այս ոլորտում համապատասխան կարգավորումների ներդրման վերաբերող հարցերի:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների շարունակականության ապահովումն ու արդյունավետ իրականացումը, ընդգծել Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի հետևողական բարելավման անհրաժեշտությունը, այդ թվում՝ թվայնացման և էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել և ընդլայնել բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են ՃՏՊ-ների թվի նվազմանը: Այս համատեքստում, կարևորվել է բալային համակարգի բարելավումը, վարորդական վկայականների տրամադրման չափանիշների բարձրացումը:

«Պետք է էականորեն բարձրացնել վարորդական վկայականնների տրամադրման ստանդարտը՝ համապատասխան միջազգային չափանիշների: Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է: Իրականացվող միջոցառումները պետք է ունենան ՃՏՊ-ները կանխարգելող նշանակություն»,- ընդգծել է վարչապետը:

Խոսելով մարզերում Ոստիկանության պարեկային ծառայությունների ներդրման մասին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ակտիվ միջոցառումներ իրականացնել կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում