Ներքին 3 տարի առաջ - 16:53 16-01-2023

Արցախում անցում կկարատվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի․ տեղի է ունեցել Օպերատիվ շտաբի նիստ

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը:

Արցախի կառավարությունից հայտնում են, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում:

«Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Միաժամանակ շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը, ըստ նրա, ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:

Նշվել է նաև, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Նիստի ընթացքում զեկուցվել է կտրոնային համակարգի ներդրման ընթացքը, տեղեկացվել է, որ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական և ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով:

Պետնախարարը կարևորել է համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաև անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը:

Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները:

Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Զեկուցվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է նաև, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը