Արտաքին 3 տարի առաջ - 19:04 11-01-2023

Անգամ Մինսկի խմբի համանախագահներն էին կարծում, որ Լաչինը պետք է մնար Հայաստանին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կարևորել է Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը (Լաչին-խմբ) Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախգահականը, Ալիևը Բերձորի նկատմամբ վերահսկողություն սահմանելը պատմական իրադարձություն է որակել։

Ալիևը շեշտել է, որ Բերձորը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից առաջին այսպես կոչված «օկուպացված» շրջան է եղել, որից հետո Հայաստանի և Արցախի միջև աշխարհագրական կապ է հաստատվել։ Նրա խոսքով՝ հենց այդ ժամանակ է դրվել Ադրբեջանի հետագա պարտության հիմքը։

Նա հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի նախագահի հետ զրույցների ժամանակ պնդել է, որ հայտարարությունում Բերձոր քաղաքի ճակատագիրը հստակեցնող կետ լինի։ «Հայկական կողմը, իհարկե, դեմ էր դրան, սակայն հայկական կողմն այն ժամանակ այն վիճակում չէր, որ ինչ-որ բան թելադրեր։ Դրա համար, իմ պնդմամբ, հոդվածը, որ նոր ճանապարհի հաստատման գործընթացը տեղի է ունենալու 3 տարվա ընթացքում, և ինչ է լինելու դրանից հետո, ներառվել է, սակայն չի հստակեցվել»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ իրենք պայմանավորվել են ռուսական կողմի հետ և ճանապարհը կառուցել են մեկուկես տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ ճանապարհի ավարտից հետո Ադրբեջանը բախվել է Հայաստանի «անլուրջ մոտեցմանը», քանի որ Հայաստանն էլ ճանապարհի մի մասը պետք է իր տարածքում կառուցեր, սակայն ոչինչ չէր արել։

«Նրանք պարզապես հավատում էին, որ դա երբեք չի լինի, որ Լաչինը կմնա իրենց ձեռքում, իսկ խաղաղապահները գրեթե միշտ այնտեղ տեղակայված կլինեին»,- նշել է նա։

Իլհամ Ալիևն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Բերձորի շրջանի բնակիչները՝ հատկապես նրանք ովքեր բնակվում էին Բերձոր քաղաքում, վերադառնալու հարցում որոշ չափով անհույս էին, քանի որ բանակցությունների ընթացքում հայկական կողմն առհասարակ չի խոսել շրջանն Ադրբեջանին վերադարձնելու մասին։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Մինսկի խմբի նախկին համանախագահները նույնպես կարծում էին, որ շրջանը պետք է մնա Հայաստանին։

«Ցավոք, նախկին Մինսկի խմբի համանախագահները նույնպես կարծում էին, որ Լաչինի շրջանը պետք է տրվի Հայաստանին։ Դրա համար էլ լաչինցիներն ավելի հուսահատ էին»,- ասել է Ալիևը։

Վերջինս շեշտել է, որ նախկինում բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ՝ պայմանավորված հենց Բերձորի և Քարվաճառի հարցով։ Նա նշել է, որ հայկական կողմը պատրաստ էր հանձնել հինգ շրջան, սակայն պայմանով, որ Բերձորն ու Քարվաճառը հավերժ կմնան իրենց ձեռքում։

Հիշեցնենք, որ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության Արցախի Քաշաթաղի շրջանի՝ նախկին Լաչինի շրջանը կազմող բնակավայրերը Ադրբեջանին հանձնվեցին նույն թվականի դեկտեմբերի 1-ին, սակայն Աղավնո, Ներքին Սուս գյուղերը և Բերձոր քաղաքը մնացին միջանցքի տարածքում, որտեղ տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի սահմաններում իրականացված ագրեսիայից հետո որոշում կայացվեց այս բնակավայրերը նույնպես հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։




Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից