Արտաքին 3 տարի առաջ - 13:43 30-12-2022

2022-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չարդարացրեց սպասելիքները. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ 2022 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չարդարացրեց առկա սպասելիքները։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը հայտնել է, անցնող տարվա ընթացքում իր առաջնահերթությունը սեփական շահերի առաջ մղումն է եղել՝ տարածաշրջանում ի հայտ եկող նոր իրողությունների համատեքստում։ Բաքուն կարևորել է, որ այդ գործընթացի շրջանակներում ապահովվել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը։

Հաղորդվում է, որ փետրվարին Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 2-ին խաղաղության պայմանագրի տեքստը քննարկելու նպատակով Ժնևում կայացել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը։ Պաշտոնական Բաքուն որպես առաջընթաց որակել է երկու կողմերից սահմանի սահմանազատման հանձնաժողովների ստեղծումը և երկկողմանի հիմունքներով այդ հանձնաժողովների նիստերի անցկացումը։

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ընդհանուր առմամբ, անցկացվել է 7 հանդիպում՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, մայիսի 22-ին և օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ 2022 թվականի փետրվարի 4-ին, հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը և հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

«Չնայած տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացում երկկողմ շփումների մասնակի դինամիկայի առկայությանը՝ կարգավորման բոլոր երեք ուղղություններով ձեռք բերված առաջընթացը չարդարացրեց սպասելիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ սպասելիքների չափով առաջընթաց չարձանագրելու հիմնական պատճառը «Հայաստանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրական քայլերի համար անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայությունն է, հակասական ու անհետևողական դիրքորոշումը, ձեռք բերված պայմանավորվածությունների և ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու մշտական փորձերը»։

Բաքուն նաև Երևանին մեղադրել է «կարգավորման գործընթացը խաթարելու նպատակով քաղաքական և ռազմական սադրանքներ իրականացնելու մեջ»։ «Դրան զուգահեռ, նկատվում է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացը ձգձգելու միտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան