copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:38 28-12-2022

Դիմակավորված անձինք՝ 8-10 հոգի 18 տարեկան տղայի հարվածելով պառկացնում են ասֆալտին, մասկի-շոուով տանում բաժին․ Մարիամ Փաշինյանի արած լուսանկարի հետքերով

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նախօրեին ահազանգել էր, որ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Վլադիմիր Մանուկյանի և «Սերժ Սարգսյանի աջակիցներ» նախաձեռնության համակարգող, ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ են սկսվել այն բանից հետո, երբ նրանք Երևանի սուպերմարկետներից մեկում հանկարծակի հանդիպել են Նիկոլ Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամ Փաշինյանին:

Oragir.News-ի հետ զրույցում Միքայել Գրիգորյանը պատմեց, որ իրենց համար էլ անհասկանալի են հետապնդումների պատճառը։ «Գրեթե մեկ շաբաթ առաջ Մարիամ Փաշինյանին հանդիպել ենք սուպերմարկետներից մեկում, իր հետ անմիջական կոնտակտ չենք ունեցել, խանութից դուրս գալիս՝ նա մեզ բջջայինով նկարեց ու դրանից հետո սկսվեցին մեր նկատմամբ ռեպրեսիաները։ Սկզբում մեր աշխատավայրի տարածքից տեսախցիկների ձայնագրություններ էին ուզում՝ անվտանգության ծառայության անունից, մի տեղ թուղթ էին ցույց տալիս, որ թույլտվություն կա ձայնագրություններ ուսումնասիրելու, մի տեղ՝ ցույց չէին տալիս։

Դրան հաջորդեց Վլադիմիր Մանուկյանի շենքի լիազոր-թաղայինից տեղեկատվությունը հավաքելը, իսկ երեկ արդեն մեր ամբողջ տեղաշարժի ընթացքում մեզ հետապնդում էին օպերատիվ մեքենայով, իսկ երեկ Վլադիմիրին Բաղրամյան փողոցից իջացրել են տաքսիից, առանց բացատրության պառկացրել ասֆալտին։

Ընդամենը, 18 տարեկան տղա է, դիմակավորված անձինք՝ 8-10 հոգի, խոշոր կազմվածքներով մարդիկ 18 տարեկան տղայի հարվածելով պառկացնում են ասֆալտին, ձեռնաշղթաներով հագցնում, գլուխը բարձրացնում են վերև ու պահանջում են, որ տեսախցիկի առաջ իր անուն-ազգանունն ասի։

Ընդ որում, ոչ ասֆալտին փռելուց, ոչ բաժին տանելուց որևէ մեղադրանք չկա, իբրև թե կասկածանք կա՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու ու դրա համար 18 տարեկան տղային ասֆալտին են փռում ու մասկի- շոուով տանում են, կարծես՝ միջազգային հանցագործ լինի, ով համաշարհային հետախուզության մեջ է»։

Նա նշեց, որ Վլադիմիրին բաժնում 2 ժամ պահելուց հետո բաց են թողել։ «Խոսել-բացատրել են, որ այսուհետ անյպես անի, որ իրենց ճանապարհները չհատվեն։ Այս պահին էլ իմ բնակարանի տարածքում ինչ-որ տարօրինակ շարժ կա»։ Միքայելն ընդգծեց, որ անձնապես ոչ Մարիամին, ոչ նրա ընտանիքի անդամներին ծանոթ չեն, բայց իրենց դիրքորոշումը գաղտնի չէ։

«Մենք հանրային հարթակներում, հանրահավաքներում, մեր դիրքորոշումը հայտնել ենք, բայց նմանատիպ արձագանք կամ հետաքրքրություն մեր անձի հանդեպ չէինք սպասում, գոնե հաշվի առնելով, որ երկրում կան ավելի կարևոր հարցեր իրավապահների համար, որոնցով պետք է զբաղվեն, ոչ թե հետապնդեն մարդկանց, որոնք հանդիպել են փողոցում Փաշինյանի աղջկան»։

Միքայելը վստահեցրեց, որ թե խանութում, թե փողոցում առկա տեսախցիկների ձայնագրությունները կարող են փաստել, որ որևէ շփում Մարիամ Փաշինյանի հետ չեն ունեցել։ «Մենք մեր մեջ խոսել ենք, միշտ խոսել ենք, գուցե դրանից է նեղվել, որովհետև ոչ մի առողջ, ողջամիտ բացատրություն չկա։ Այդպես էլ չհասկացանք՝ մեր ուշադրությունից է նեղվել, թե անուշադրությունից, երևի՝ 2-ը 1-ում։

Գիտեք, էլ չենք էլ նեղվում, եթե անգամ այս իրավիճակը շարունակվի՝ ոչ մի խնդիր չեմ տեսնում, թող շարունակեն, հաստատ ոչ ձերբակալությունից, ոչ բերման ենթարկվելուց, ոչ էլ նմանատիպ բաներից չենք վախենում, առաջին անգամ չէ, սա ռեպրեսիայի դասական դրսևորում է, որ բնորոշ է բռնապետական հասարակությանը։ Այսինքն, իրենց կողքով անցնել չի կարելի, իրենց մասին խոսել չի կարելի, իրենց կողմ նայել չի կարելի։ Եթե ինչ-որ ժամանակ կար, որ փորձում էին քողարկել, որ սովորական բռնապետական հասարակագ են կառուցում, հիմա էլ չեն քողարկում»։