Ներքին 3 տարի առաջ - 22:25 27-12-2022

Հեռուստատեսությունները դեռ չեն հստակեցրել ամանորյա եթերացանկը

Նոր տարվան հաշված օրեր են մնացել։ Այսօր Oragir.News-ը հետաքրքրվեց, թե հեռուստաալիքները ինչ ամանորյա եթերացանկ են պատրաստել հեռուստադիտողների համար։

Հանրային հեռուստաընկերությունից մեզ հայտնեցին, որ եթերում լինելու են մուլտֆիլմեր, ֆիլմեր, հետաքրքիր նախագծեր, բայց վերջնական եթերացանկը դեռ հստակեցված չէ։

«Մեր ամբողջ եթերացանցը վերջնական՝ արդեն թարմացվախ վիճակում, կարող եք գտնել ամսի 30-ին Հանրային հեռուստաընկերության ծրագրերի հատվածում։ Լինելու են տարբեր հետաքրքիր նախագծեր ամանորյա»։

Հարցին, թե կա՞ ինչ-որ նորություն, որ նախորդ տարիներին չի եղել, Հանրայինից պատասխանեցին. «Ֆիլմերն են, ունենք ֆիլմեր, որոնք որ նոր են, պարզապես քանի որ հիմա դեռևս ինչ-որ ճշտելու բաներ ունենք, ես Ձեզ հստակ ինֆորմացիա չեմ կարող տրամադրել, ամսի 30-ին արդեն ամբողջը կայքում ներառված է լինելու»։

«Շանթ» հեռուստաընկերությունից էլ մեզ ասացին, որ շուտ ենք զանգահարել, քանի որ եթերացանկը դեռ հստակեցված չէ։

«Այս պահին մի փոքր շուտ եք զանգահարել, քանի որ դեռ վերջնական չի, նկարահանումներ ունենք, դեռ ընթացքի մեջ է։ Այս պահին հստակ չեմ կարող ասել, բայց տոնական լինելու են «Ժողովրդական երգիչ»-ը, դրանից հետո լինելու է տոնական «Women's Club»-ը, մենք ունենալու ենք հատուկ շոու-ծրագիր, որը ամսի 8-ին է հեռարձակվելու, մենք ունենալու ենք բոլոր մեր հաղորդումների տոնական տարբերակները, ունենալու ենք «Երեկոն Շանթում» առանձին տոնական հաղորդումը, ամսի 31-ին ունենալու ենք «Առավոտը Շանթում» տոնական, մեծ ծավալուն հաղորդում, այս պահին դեռ այդքանը կարող ենք ասել, մնացածը դեռ ընթացքի մեջ է։ Կինոներ ենք ունենալու, բավականին մեծ քանակությամբ երաժշտական ֆիլմեր ենք ունենալու՝ թե՛ տեղական, թե՛ դրսի արտադրության»,- ասեցին «Շանթ» հեռուստաընկերությունից։

Գրեթե նմանատիպ պատասխան էլ ստացանք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից. «Հիմա Ձեզ այդ ինֆորմացիան չեմ կարող տալ, քանի որ դեռ հստակ չէ ծրագիրը։ Ֆիլմեր էլ կլինեն, մուլտֆիլմեր էլ կլինեն, շոու ծրագիր էլ կլինի»,- փոխանցեցին հեռուստաընկերությունից։