Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:46 27-12-2022

Սա արդարադատության համար աղետ է․ Կարինե Բաղդասարյան

Դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ կիրառված ԲԴԽ որոշումը, կարելի է ասել, նախադեպային որոշում էր։ Հայաստանի Հանարպետությունում չկա դատավոր, ում վարույթները փորփրելով՝ չենք գտնի ուշացված դատական ակտեր, կզարմանանք, եթե այդպիսին չլինի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամ Կարինե Բաղդասարյանը։

«Այսինքն, մենք կանգնում ենք մի փաստի առաջ, որ բոլորին պարտավոր են կարգապահական պատասխանատվության ենթարկել, իսկ եթե այդպես է, ապա ովքե՞ր պետք է շարունակեն իրենց գործառույթներն իրականացնել դատավորի պաշտոնում»։

Նա ընդգծեց, որ դեռևս սեպտեմբերին Աննա Փիլոսյանը իր նկատմամբ հարուցված վարույթի շրջանակներում բարձրաձայնել էր, որ դատավորների ծանրաբեռնվածությունն ահռելի է, և պետք է միջոց ձեռնարկել․ «Սակայն արձագանք չստացվեց։ Ուստի ես գտնում եմ, որ իրականում մենք գործ ունենք ոչ թե կոնկրետ դատավորի, այլ շատերի նկատմամբ հարուցված կատարողական վարույթների շրջանակներում արդեն արդարադատության համար աղետի հետ, որովհետև եթե պատասխանատվության ենթարկեն, ու հաշվի առնենք գործի հավասարության սկզբունքը, ապա բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ եթե հավասարության սկզբունքը չի գործելու, այլ կոնկրետ դատավորներ են պատասխան տալու արածի կամ չարածի համար, ուստի դա արդեն դիտարկում եմ որպես կոնկրետ ուղղորդված հետապնդում»։

Նա նաև ընդգծեց, որ դատավոր Փիլոսյանի վարույթով որոշում կայացնելուց ԲԴԽ-ն չուսումնասիրեց ապացույցների այն ամբողջ կազմը, որ ներկայացվեց․ «Մասնավորապես, տիկին Փիլոսյանը բացահայտեց և ի գիտություն տրամադրեց այն ողջ իրավիճակը, որ տիրում է դատական համակարգում։ Նա արդարացիորեն վկայակոչեց փաստեր և հիմնավորեց այդ փաստերը թվերով, թե կոնկրետ իր վարույթում եղած գործերից քանի գործ է բեկանվել։ Դա շատ փոքր տոկոս է կազմում։ Արդյո՞ք ԲԴԽ-ն համադրեց ամբողջ ապացույցների կազմը, որ ներկայացվել էր։ Ես՝ որպես փաստաբան, կարող եմ գնահատել, որ չբացահայտվեցին և չգնհատավեցին ապացույցներն ըստ արժանվույն, քանի որ եթե ապացույցների ամբողջ կազմն ուսումնասիրվեր, կբացահայտվեր, որ դատավորի անբարեխղճություն առկա չէ, հատկապես, որ գործով հասցեատերը բողոք չուներ»։

Մանրամասները՝ տեսանյութում․