Հայաստանում ու Արցախում օրեցօր շատացող բազմաթիվ մարտահրավերների ֆոնին ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև տեղի ունեցած խորհրդակցությունը նպատակ ուներ ելքեր գտնելու ստեղծված իրավիճակից։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Իր խոսքով՝ հաշվի առնելով, որ խորհրդակցությանը մասնակցել են աննախադեպ քանակի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ արդյունքների մասին դեռևս որևէ բան ասել չի կարող։
«Էնտեղ հավաքված էին ընդդիմադիր կոչվող շատ թևերից, ընդ որում, և՛ ունակ, և՛ չունակ։ Դա էլ պետք է շեշտել։ Ես կարող եմ ասել, թե մեր թիմն ինչ առաջարկեց։ Մեր այսօրվա հինական խնդիրը Լաչինի միջանցքն է, որն Ադրբեջանի այդ սուտ ու կեղծ «էկոլոգներն» ապօրինաբար արգելափակել են։ Մենք խոսել ենք այն քայլերի մասին, թե այսօր մենք ինչ է պետք անել՝ ադրբեջանական շրջափակումից ազատելու համար մեր 120․000 հայրենակիցներին։ Հիմնական մեխն այստեղ այն է, որ պետք է ռուսներին ինչ-որ տեղ ստիպենք, հորդորենք, կոչ անենք, որ պատշաճ ձևով կատարեն իրենց վրա դրված պարտականությունները»,- ասաց նա։
Վահե Հակոբյանի գնահատմամբ՝ ադրբեջանցիները դեռևս 2018 թվականից են հասկացել, որ կարող են օգտվել ներկա իշխանությունների անգործունակությունից։
«Ադրբեջանցիները 2018 թվականի, այսպես կոչված, այդ իշխանափոխությունից սկսած, իրենք հասկացել են, որ Հայաստանի այսօրվա ղեկի մոտ գտնվող քաղաքական ուժն ու իշխանություններն ունակ չեն որևէ ազգանպաստ գործունեություն ծավալել։ Այդ իսկ պատճառով իրենք օգտվել են 2020 թվականի պատերազմից, որի հետևանքները բոլորս գիտենք, թե ինչ եղան։
Եվ առհասարակ, մեր պարտությունները շարունակվում են։ Եվ մենք շարունակում ենք զիջումերի գնալ։ Ադրբեջանցիները նման են այն շներին, որ արյունն զգում են ու գնում են այդ արյան հետքով։ Իրենք շարունակում են ճնշել ամեն տեղ, որտեղ կարողանում են։ Իսկ իրենք այսօր կարողանում են ճնշել գրեթե բոլոր ասպարեզներում։ Այս իրավիճակը իշխանությունների թուլության հետևանք է»,- ասաց նա։
Վահե Հակոբյանը նաև հայտնեց, որ առաջիկայում ևս նախատեսվում է հանդիպում՝ ընդդիմադիր թևի ներկայացուցիչների միջև։ «Կոնկրետ ժամկետ չկա, բայց պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ օրերին նորից պետք է հրավիրվեն բոլոր այն մարդիկ և ուժերը, ում համար մեկ չէ Հայաստանի ապագան»,- ասաց նա։
Իր խոսքով՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն արդեն իսկ հայտարարություն է տարածել։ Վերջում Վահե Հակոբյանը հայտարարեց, որ ներկա իրավիճակի հանգուցալուծման համար առաջնային խնդիրը Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից ազատվելը պետք է լինի։