Ներքին 3 տարի առաջ - 19:33 16-12-2022

Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գիտակցված քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի հումանիտար խնդիրները մեղմելուն․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմված օրակարգով շրջափակման մեջ է պահում Արցախի 120.000 բնակչությանը՝ այդ կերպ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև: Բայց ինչպես տեսնում ենք, արցախցին ծնկի չի եկել և արժանապատվորեն հաղթահարում է 21-րդ դարին անհամատեղելի ու քաղաքակիրթ մարդու համար գրեթե աներևակայելի մերօրյա գործընթացներն ու դրանցից ծնվող դժվարությունները, տառապանքները, հումանիտար հետևանքները:

Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում եմ՝

• Արցախի ժողովուրդը տարածաշրջանում խաղաղության, կայունության, ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների կողմնակիցն ու ջատագովն է.

• Արցախի ժողովուրդը բաց է ցանկացած հարցի, խնդրի քննարկման, ազատ երկխոսության համար, տրամադրված է կառուցելու և ակնկալում է փոխադարձ իրավունքների հարգանքի հիման վրա ձևավորված կառուցողական հարաբերություններ.

• Մենք անընդունելի ենք համարում պարտադրանքի, հարկադրանքի, ուժի ցուցադրման ու կիրառման սպառնալիքի գործադրումը և կոչ ենք անում վերջնականապես հրաժարվել արցախյան ազատագրական պայքարի մեկնարկի պատճառ դարձած և Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս հանդիսացող՝ Արցախը հայաթափելու գաղափարից: Միայն այդ դեպքում է խաղաղության հասնելու կամքը լինելու գնահատելի, իսկ խաղաղությունը՝ անկեղծ, իրական ու շոշափելի.

• Արցախի ժողովուրդը ընդունել է իր իրավունքների դեմ ուղղված ոտնձգությանը դիմակայելու և մեզ հասցված ֆիզիկական զրկանքները արժանապատվորեն կրելու որոշում՝ այդ կերպ չեզոքացնելով Մայր Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը, որոշման կայացումը կաշկանդող պայմանները.

• Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությանը և սփյուռքի մեր այն հայրենակիցներին, ովքեր Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ այս օրերին կատարվող ոճրագործության մասին բարձրաձայնում և իրազեկում են միջազգային հանրությանը, նախաձեռնում իրավական գործընթացներ, պարզապես քաջալերում և գոտեպնդում են արցախցուն.

• Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին՝ իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար: Օրեր շարունակ խաղաղապահները, առանց տեղացող սադրանքներին, ցուցադրական վիրավորանքներին ու արհամարհական վերաբերմունքին տուրք տալու հաստատակամ ու անսասան կեցվածքով կանգնած են Արցախի ժողովրդի կողքին:

Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գիտակցված քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի հումանիտար խնդիրները մեղմելուն, շարունակելու ենք մեր պայքարը և երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք, քանզի վստահ ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա է խնդիրները դիվանագիտորեն և երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու անբեկանելի կամք»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան