Ներքին 3 տարի առաջ - 12:58 16-12-2022

2023թ. կավարտվի մոտ 30 մարզադպրոցի և մարզադահլիճի կառուցման ծրագիր

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարության վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հերթական շրջայցն է կատարել մարզական կառույցների շինհրապարակներում:

Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի, Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման ու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին, քննարկել ծրագրերի ընթացքը, կատարել դիտարկումներ:

Ջրառատի ծանրամարտի մարզադպրոցի կառուցման ծրագրի ավարտից հետո այստեղ հնարավոր կլինի անցկացնել հանրապետական առաջնություններ: Ներկայում ավարտվել է շենքի հիմնակմախքի կառուցումը, ընթանում են երեսապատման ու ներքին հարդարման աշխատանքները:

Հաջորդ կանգառները Էջմիածին քաղաքում և Արտիմետ գյուղում էին, որտեղ կառուցվում են հանրակրթական դպրոցների մարզադահլիճները։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ներկայում նմանատիպ 30 մարզադահլիճ է կառուցվում կամ վերակառուցվում հատակագծային այնպիսի լուծումներով, որոնք թույլ կտան, որպեսզի մարզադահլիճների հնարավորություններից օգտվեն ոչ միայն աշակերտները, այլ նաև համայնքի բնակիչները: Դրանցից շատերը ներառում են նաև հանդիսությունների սրահ, իսկ տեղակայման տարածքը թույլ է տալիս նաև ֆուտբոլի դաշտ և սպորտային հրապարակներ ունենալ:

Կառավարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ։ Ինտերիերի դիզայնը, ձևավորման նյութերի և գույների ընտրությունը, տարածքի բարեկարգումը, նույնպես հաշվի են առնվում հենց նախագծման փուլից։ Բոլոր օբյեկտները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ կահավորված։ Արմեն Ղուլարյանը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի ընթացքը քննարկելիս առանձնահատուկ կարևորել է նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցից ու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճից բացի կոմիտեի համակարգմամբ իրականացվում են ևս 5 մասնագիտացված մարզադպրոցի կառուցման կամ վերակառուցման ծրագրեր:

Դրանք են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրը, Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճները: Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները մտել են մեկնարկման փուլ, իսկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի համար կատարվում է տարածքի ընտրություն:

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2023 թվականին ավարտել, ընդհանուր առմամբ, 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։
Հանրապետությունում ընթացող աննախադեպ ծավալով շինարարությանը զուգահեռ կոմիտեի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ շինարարության կազմակերպման մշակույթի արմատավորումը, շինհրապարակում աշխատանքային կանոնների պահպանումը և պատշաճ միջավայրի ապահովումը։

Պարբերական շրջայցերի միջոցով կոմիտեի պատասխանատուները փորձում են նպաստել հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների գործնական կիրառմանը։ Խիստ կարևորվում է նաև օբյեկտների շինարարությունը սահմանված ժամկետներում ավարտելու հարցը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել