Կառավարության բոլոր անդամներն ու ղեկավարը կարող էին միասին վեր կենալ, գնալ Արտակ Բեգլարյանի մոտ՝ նստացույցի․ քաղաքագետ
copy image url

Կառավարության բոլոր անդամներն ու ղեկավարը կարող էին միասին վեր կենալ, գնալ Արտակ Բեգլարյանի մոտ՝ նստացույցի․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 21:30 15-12-2022
«Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակում պետք է ամեն ինչ անել, որ ճանապարհը բացվի»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«1992 թվականին ո՞նց է եղել։ Դա է միակ իրական լուծումը, որը հողի վրա բան կփոխի։ Բայց մինչև այդ լավ կլիներ, որ երեկ ԱԺ-ն անվանումներով, ճիշտ անուններ նշելով, հայտարարություն աներ։ Լավ կլինի, որ մնացած համապատասխան բոլոր կառույցները նույն կերպ իրենց գործընկերներին բացահայտ ամեն օր «անհանգստացնեին»»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև այս առումով լրատվական դաշտի առաքելությանը։

«Հայաստանում միջազգային լրատվական դաշտի ներկայացուցիչներ ունենք։ Լավ կլիներ, որ ոչ միայն հայկական լրատվականներն Արտակ Բեգլարյանին կամ Արցախի Հանրապետության մնացած պաշտոնյաներին խոսք տրամադրեին, այլև պատադրանք լիներ, որ իրենք գային և լուսաբաներին։ Լավ կլիներ, որ դիվանագիտությունը բոլոր ուղղություններով, ինչքան պետք է, միջոցներ օգտագործեր։ Ոչ թե Արցախի Հանապետության ներկայացուցիչները ՄԱԿ-ի դիմաց խոսք հնչեցնեին, այլ նստեին, իսկ ԱԳՆ ներկայացուցիչները կանչեին էստեղ գտնվող բոլոր միջազգային կառույցներին ու ասեին՝ նստեք ու լսեք այս մարդկանց։ Ի՞նչ է, ՄԱԿ-ի ներկայացուցչին չե՞ն կարողանում ԱԳՆ կանչել։ Թե՞ դեսպաններին չգիտեն՝ ոնց ԱԳՆ կանչեն և այդ խնդիրը բարձրացնեն»,- ասաց նա։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դրված է միայն ՀՀ ստորագրությունը։

«Սա նշանակում է, որ ՀՀ-ն ունի իր բաժին պատասխանատվությունը՝ այդ թուղթը կյանքի կոչելու։ Չէ՞ որ ինքն էլ է ստորագրել։ Երբ որևէ համաձայնագիր ես ստորագրում, և եթե համարում ես, որ Ադրբեջանը պետք է դա հարգի, ուրեմն դու էլ պետք է հարգես»,- ասաց նա։

Թևան Պողոսյանը շեշտեց, որ այս պահին էլ հազարավոր գործիքակազմ կա, որոնք չեն կատարվում կամ կատարվում են ոչ լիարժեք։

«Հասնում ենք մի իրավիճակի, երբ որևէ բանի մասին ազնվորեն բարձրաձայնես, մեղադրելու են, որ ինչ-որ պառակտումներ են գնում։ Բայց դրա փոխարեն ավելի լավ է՝ գործողություններ արվեն։ Էլ չասեմ մի բան, որ այսօրվա դրությամբ՝ ՀՀ բոլոր պաշտոնյաները՝ սկսած գործող Կառավարության բոլոր անդամներից, ղեկավարն էլ հետը, միասին կարող են վեր կենալ, գնալ Արտակ Բեգլարյանի մոտ՝ նստացույցի, գոնե այդքանը։ Ի՞նչ է եղել։ Չի՞ դառնալու, որ օրինակ՝ «Կառավարությունն այցելեց Արցախի կառավարության ներկայացուցչին»։ Շատ սիրուն լրատվական երևույթ կդառնա և ավելի բարձրաձայն կհնչեցնի այդ խնդիրը»,- ասաց նա։

Անդրադառնալով նախօրեին ԱԺ տարածած դատապարտող հայտարարությանը՝ Թևան Պողոսյանը մի շատ կարևոր փաստ նկատեց։

«Այդ հայտարարության տեքստի մեջ պարզապես մոռացել էին նշել, թե Բերձորի միջանցքը որտեղ է գտնվում։ Արցախի Հանրապետությանն է չէ՞ միացնում Հայաստանի Հանրապետությունը։ Բա որ անունը մոռանում ես գրել, հետո ի՞նչ ես ուզում ասել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է գործադիրում առկա պառակտմանը՝ Պողոսյանը հավելեց․ մարդիկ (նկատի ունի ՀՀ ներկա իշխանությունների ներկայացուցիչներին – խմբ․) պարզապես ձեռքերը լվացել են։

«Արցախի Հանրապետություն չէ, մի կերպ Արցախ արտասանում են, որ բան չլինի։ Վախերի մեջ ապրած Կառավարությունից ի՞նչ եք պահանջում։ Պարտված իշխանությունը կարող է միայն ու միայն նոր պարտություններ բերել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված