Արտաքին 3 տարի առաջ - 16:40 15-12-2022

ԵԽ պատգամավորները դիմել են Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին՝ Ադրբեջանին զսպելու համար միջոցներ ձեռնարկել

Եվրոպական խորհրդարանի մի խումբ անդամներ նամակով դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որպեսզի վերջիններս քայլեր ձեռնարկեն Արցախի հայ բնակչության նկատմամբ շարունակվող ադրբեջանական ահաբեկման ու ագրեսիայի դեմ։

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտնում են, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտից մինչ այժմ ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Հայաստանի Հանրապետությունը Արցախի հետ կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Նրանք շեշտել են, որ Արցախի 120.000 բնիկ հայերը դե ֆակտո գտնվում են շրջափակման մեջ և զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից՝ անգամ շտապօգնության ու սննդամթերք տեղափոխող մեքենաները չեն կարողանում Արցախի տարածք։

«Եթե իրավիճակը շարունակվի, դա կհանգեցնի անխուսափելի հումանիտար ճգնաժամի՝ աղետալի հետևանքներով։ Անընդունելի է, որ բնապահպանական գործունեության քողի տակ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, այն է՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժը երաշխավորելու իր պարտավորությունը այս երթուղիով երկու ուղղություններով»,- ասվում է հաղորդագրությունում։

ԵԽ պատգամավորները հայտնում են, որ 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին հայտարարության ստորագրումից ի վեր ադրբեջանական կողմը կիրառել է տարբեր մեթոդներ՝ Արցախի բնիկ հայ բնակչության համար ստեղծելու չափազանց դաժան և անհուսալի կենսապայմաններ, այդ թվում՝ ռազմական սադրանքներ, հոգեբանական ահաբեկումներ և ձմեռային սառնամանիքի պայմաններում գազամատակարարման խափանում։

«Հարգելի նախագահ, հարգելի՛ բարձր ներկայացուցիչ, մենք կոչ ենք անում օգտագործել ձեր լիազորությունները Եվրոպական միության անունից՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կողմից այս ահաբեկման և ագրեսիայի քաղաքականությունը շարունակվի»,- նշել են պատգամավորները։

Բողոքը ստորագրել են ԵԽ պատգամավորներ Պետեր վան Դալենը, Ֆրանսուա-Խավիեր Բելամին , Լարս Պատրիկ Բերգը , Ֆրանսուա Ալֆոնին, Ֆաբիո Մասիմո Կաստալնոն, Անդրեյ Կովաչևը։







Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան