Ինչպես արդեն հայտնել ենք, Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԿԳՄՍ նախարար:
Oragir.News-ը դեռևս 3 ամիս առաջ էր գրել, որ գործադիրի կուլիսներում քննարկվում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի պաշտոնանկության հարցը, և որ որպես նրան փոխարինող՝ քննարկվում է նրա տեղակալի՝ Ժաննա Անդրեասյանի թեկնածությունը: Մենք դեռ այն ժամանակ արձանագրել էինք, որ նրա նշանակմամբ կարելի է արձանագրել, որ երկրում ռազմավարական նշանակություն ունեցող եւս մի քանի ոլորտ կտրվի արտաքին ուղիղ ազդեցությանը և մասնավորապես Սորոսին՝ հաշվի առնելով փոխնախարարի կապերը եւ հարաբերությունները այդ կազմակերպության հետ:
Թեև նրա անմիջական կապը Սորոսի հիմնադրամի հետ փորձ է արվում հերքել, սակայն նրա հայտարարությունները հաճախ գալիս են հաստատելու այդ լուրերը։ Այդ հայտարարություններից ամենաաղմկահարույցը թերևս 2012-ին Նժդեհի մասին հարցազրույցն է, որտեղ նա նշել էր, որ «նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետև հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»։
Արդեն պաշտոնավարման տարիներին աղմուկը մեղմելու համար նրան առաջարկվել էր պարզաբանել հայտարարությունը՝ նշելով, թե երբ նման հայտարարություն էր անում, բավական երիտասարդ էր և անփորձ, սակայն, ըստ մամուլում տարածված տեղեկատվության՝ նա հրաժարվել դա անել։
Անդրեասյանը պետական կառավարման ոլորտում հայտնվեց 2018 թ-ի իշխանափոխությունից հետո։ 2019 թ-ի փետրվարին նա նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, 2020 թ-ի մարտին նշանակվեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար։ Պետական կառավարման ոլորտում հայտնվելիս շատերը հիշատակում էին, որ Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է, սակայն քչերը գիտեն, որ Անդրեասյանը նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Արդշինբանկի» խորհրդի անդամ Արամ Անդրեասյանի դուստրն է։ Արամ Անդրեասյանը 1998-2003թթ-ին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմ, խորհրդատու և բաժնի վարիչ, իսկ 2003-2009թթ-ին՝ «Արդշինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահ էր: