Արցախում ակնհայտ են համարում, որ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու քայլը բնապահպանական որևէ հարցի հետ կապված չէ. Ադրբեջանի համար դա ընդամենը պատրվակ է:
Մամուլի ասուլիսի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ բնապահպանական կեղծ հիմնավորումներով Լաչինի միջանցքը փակել են մարդիկ, ովքեր ծառայում են Ադրբեջանի բանակում, հատուկ ծառայություններում: Բաբայանի խոսքով՝ այդ ամենը բեմադրություն է, և վաղը կուղարկեն հեծանվորդների, մյուս օրն՝ այլ արտիստների:
«Եթե իրենք ինչ-որ բնապահպանական խնդիրներ ունեն, այդպե՞ս են վարվում: Մենք էլ իրենց բնապահպանական շատ հարցեր ունենք: Բոլորդ քաջատեղյակ եք, թե ինչպիսի ֆոսֆորային ռումբեր է Ադրբեջանն օգտագործել 44-օրյա պատերազմի ժամանակ:
Զեկույցներ կան, այդ ամենն արձանագրված է: Եթե հարց են ուզում քննարկել, դրան ձև կա, ոչ թե գալ փակել, կաթվածահար անել. երեխաներ կան, որոնք հիվանդ են, սնունդ է պետք, դեղորայք է պետք և այլն: Նրանք բապահպանական հարցը ի հաշիվ ցեղասպանության ե՞ն իրականացնում: Այդ բնապահպանության պատրվակի տակ նրանք վաղն ասելու են, որ պետք է փակեն Կաշենի հանքը, իսկ սա մեր տնտեսության կարևորագույն լոկոմոտիվներից մեկն է, որը բոլոր բնապահպանական նորմերը պահպանում է»,- եզրափակել է Բաբայանը:
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ ընդգծել է, որ բնապահպանական հարցերը զուտ պատրվակներ են:
«Բացի նրանից, որ Կաշենի հանքը միջազգային բոլոր ստանդարտները պահպանում է, նաև Կաշենի հանքը շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա է ադրբեջանական ամենամոտիկ բնակավայրից և որևէ ջրային ռեսուրսի մոտ չի գտնվում: Հետևաբար, իրականում նույնիսկ այս պատրվակը հիմնավոր չէ: Այնինչ, մենք հիմնավոր տարբեր խնդիրներ ունենք բարձրաձայնելու, այդ թվում՝ բնապահպանական, ջրային ռեսուրսների կառավարման տեսանկյունից, որոնց ադրբեջանական կողմը պետք է պատասխանի: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ սա ուղղակի պատրվակ է, ցանկացած պահի այլ պատրվակնր կարող են կիրառվել Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ ասուլիսին մասնակցում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը, ով Ֆրանսիա կատարած այցից հետո չի կարողացել վերադառնալ Արցախ, ինչպես նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որոնք Երևան էին ժամանել՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չեն կարողանում Արցախ վերադառնալ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով: