«Բենզինի գնի վրա տարբեր գործոններ են ազդում․ ազդում է համաշխարհային շուկայում նավթի գների տատանումները»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով բենզինի գնի վրա ազդող գործոններից։
«Այս պահին որոշակի նվազում կա, ազդում է դոլար-դրամ փոխարժեքը, նախորդ ամիսների համեմատ դրամը ավելի է արժևորվել։ Այստեղ ազդում է նաև տրանսպորտային ծախսերը»,- ասաց Պարսյանը և հավելեց, որ տրանսպորտի ծախսերը նախորդ տարիներ համեմատ բարձրացել է։
Պարսյանը ընդգծեց, որ բացի սրանցից բենզինի գնի վրա էական ազդեցություն է թողնում նաև ժամանակային գործոնը։ «Այսինքն՝ բենզին ներկրողները որոշակի խմբաքանակով են ներկրում բենզին՝ մի քանի ամսվա համար կամ մի քանի շաբաթվա համար, և ըստ դրա վաճառում են։ Բայց այստեղ մի նրբություն կա, երբ որ դրամն է արժեզրկվում, այդ ժամանակ բենզին ներկրողները ժամ առ ժամ փոխում են բենզինի գները շատ արագ արձագանքում են։ Երբ որ դրամը արժևորվում է, ապա նրանք շատ դանդաղ են գների իջեցումն անում, քանի որ սա պայմանավորված է մեր շուկայի մենաշնորհային վիճակով։ Քանի որ մեր շուկայում գործում են երեք խոշոր տնտեսվարող սյուբեկտներ, որոնք շուկան իրար մեջ են բաշխել և միասնական գնային քաղաքականություն են հիմնականում իրականացնում, այսինքն՝ գինը համաձայնեցված բարձրացնում են, համաձայնեցված իջեցնում»։
Խոսելով բենզին վաճառողների ստացած շահույթից Պարսյանն ասաց. «Եթե դոլար-դրամ փոխարժեքի ժամանակ նրանք պահում են գները, նույնիսկ այդ ժամանակ նրանք գերշահույթ են ունենում։ Այսինքն՝ այս դաշտը մրցակցային չէ, և նրանք գները կարող են իրենց ուզած ժամանակահատվածում պահել, նույնիսկ մի քանի շաբաթով գինը պահելը, գինը իջեցնելու փոխարեն նրանց համար բավականին շահույթ է ապահովում»։
Հետաքրքրվեցինք Պարսյանից, թե բենզինի գնի նվազումը դեռ երկար կշարունակվի, Պարսյանը պատասխանեց. «Հունվարի 1-ից մենք ունենալու ենք բենզինի դիզելային վառելիքի ակսիզային դրույքաչափերի աճ, այսինքն՝ մենք հունվարի 1-ից հնարավոր բարձրացում կունենանք, պայմանավորված հարկերով։ Հարկերի բարձրացում ենք ունենալու, եթե, օրինակ, շուկայում գները ավելի շատ իջնեն, կամ դրամն ավելի շատ արժևորվի, որը թույլ կտա փակել հարկերի աճը, ապա հնարավոր է նաև բենզինի գինը իջնի, բայց մենք այս պահին կանխատեսում ենք, որ հունվարին պետք է գների որոշակի աճ լինի պայմանավորված ակսիզային հարկի աճով»։