Երեկ մայրաքաղաքի կենտրոնում քանդվում էր «Փեթակ» առևտրի կետրոնի հարևանությամբ գտնվող «Երևանի Ալրաղաց» կոմբինատի սյունաձև շինությունների մի հատվածը:
Oragir.news-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանն ասաց, որ պարզել է, որ տարածքը պատկանում է մասնավոր ընկերության, որը որոշ ժամանակ առաջ դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ ալրաղացի կոմբինատի սյունաձև շինությունների քանդման թույլտվություն ստանալու համար, սակայն մերժվել է ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու պատճառաբանությամբ։
Մերժվելուց հետո ընկերությունն այլևս չի դիմել քաղաքապետարանին և ինքնակամ՝ առանց թույլտվության, նախաձեռնել է քանդման աշխատանքներ։ Դեպքի վերաբերյալ քաղաքապետարանի համապատասխան բաժինը կազմել էր արձանագրություն։ Ո՞ւմ են պատկանում տարածքը, կոմբինատի շենքն ու հարակից շինությունները, ի՞նչ նպատակով են քանդվում և ի՞նչ է նախատեսվում կառուցել դրանց փոխարեն։
Ըստ որոշ տեղեկությունների՝ քանդման աշխատանքներն իրականացրել է հենց «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ն, որի տնօրենն Էդգար Մկրտչյանն է: Քանդման աշխատանքներն արգելված են, արդեն քանդված շինության մասով կազմվել է արձանագրություն, կիրառվել է վարչական տուգանք:
Քանի որ ընկերության վերաբերյալ համացանցում առկա տեղեկությունները կապվում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ՝ կապ հաստատեցինք Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ, քանի որ իր եկամուտների հայտարարագրում Խաչատուր Սուքիասյանը «Արժեթուղթ և ներդրում» բաժնում նշել էր, որ տղայի անունով բաժնետոմսեր ունի «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ում:
Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանին՝ խնդրելով պարզաբանել, թե այնուամենայնիվ ինչ նպատակով է քանդվել ալրաղացի կոմբինատի սյունաձև շինության հատվածները՝ հրաժարվեց պատասխանել, ասելով, որ որևէ տեղեկություն չունի դրա վերաբերյալ։ Սարդայանի խոսքով՝ երբ ամռանը վարչական տուգանքը կիրառվել է, որոշ ժամանակ առաջ դիմել են Երևանի քաղաքապետարանին, դիմումը մուտքագրվել է, բայց դիմումին ընթացք չի տրվել, որտեղ լիարժեք փաստաթղթեր չեն եղել.
«Մենք ասել ենք՝ ոչ, բերեք համապատասխան փաստաթղթերը, մենք քննարկենք, որով ենթադրվում է և՛ պայթյունի չափ, եթե լինի, առաջին անգամ կարծես քարշակով են արել, շուռ են տվել, և՛ ժամ, և՛ կանխորոշում այն իմաստով, որ պետք է տեղեկացնեն շրջակայքում եթե բնակիչներ կան՝ նրանց։
Շատ տեխնիկակն պարամետրեր կան, որոնց ես չեմ տիրապետում, դա պետք է համաձայնեցվի քաղաքապետարանի հետ, իսկ ԱԻՆ-ը տեղյակ է պահում։ Ըստ էության քաղաքապետարանին տեղեկացրել են, բայց վստահ եղել, որ միայն մուտքագրման դիմումը բավարար է»։
Շարունակելի...