Ադրբեջանում շարունակվում են Թուրքիայի հետ համատեղ «Եղբայրական բռունցք» զորավարժությունները՝ F16-ով, ծանր զրահատեխնիկան գետանցելու համար բացովի կամրջով, հատուկ ջոկատայինների հարձակողական գործողություններով ու քաղաքական հայտարարություններով. թուրք-ադրբեջանական տանդեմը պրկած բազուկների ֆոնին ուսի վրայից բառեր է նետում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին: «Հուսով ենք՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը»,- հայտարարում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Ու կոչ է անում փակել տարածաշրջանում հակասությունների ու ատելության էջը, սկսել կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա, կարևորել տարածաշրջանում «խաղաղության, կայունության և զարգացման» ուղղությամբ աշխատանքը, տարածաշրջանային կապուղիները, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելը։ Աքարն իր ելույթը եզրափակում է՝ «Կեցցե՜ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը» գոչելով։
Ինչ խոսք, թուրքերը կրկին արտաբերում են ճիշտ բառեր, և անում են ճիշտ արարքներ: Հավատարիմ Մեծ Թուրանի իր ծրագրին՝ Էրդողանը չի դադարում մարզել ու զինել իր բանակը՝ ինչպես կարող է՝ օգտվելով և՛ ՆԱՏՕ-ից, և՛ նրան հակադիր-հակառակորդ Ռուսաստանից:
Իսկ մենք, լավ կլինի, որ հիշենք, թե ինչպես է պետք կարդալ նրանց ժեստերի լեզուն և ինչպես ընկալել խոսքը: Հիշենք՝ ինչ «ձեռք էր մեկնել» երկու օր առաջ Բաքուն, երբ հատուկ բնապահպան-ջոկատայիններ ժամեր շարունակ փակել էին Երևանն Արցախին կապող միակ մայրուղին ու լուրջ դեմքով ռուսների հետ քննարկում էին անում բնապահպանական հնարավոր չարաշահումների մասին, մինչ հարյուրավոր մեքենաներ ձմռան ցրտին կանգնած էին անորոշության մեջ: Կամ երբ մեզ հետ պայմանավորվում էին զորքերը հայելային հետ քաշելու մասին. մենք հետ էինք բերում մեր զորքը, իսկ իրենք մնում էին իրենց տեղում կամ գալիս-նստում էին մեր դիրքերում: Թուրքերի մեկնած ձեռքերը մենք շատ ենք սեղմել, այդ թվում և՝ երիտթուրքերի:
Հիմա նրանք ամենօրյա հրադադարի խախտումներով և դրանցում մեզ մեղադրելով՝ կրկին հող են նախապատրաստում ռազմական ակտիվ գործողությունների համար: Ամենայն հավանականությամբ, դրանք կրկին կտրուկ հարձակման ձևով կլինեն մինչև ամանոր՝ նպատակ ունենալով կորզել Աքարի հիշատակած «միջանցքը»:
Տեսնո՞ւմ է այս վտանգը մեր իշխանությունը. կարծես՝ ոչ: Կուրացած հրապարակի հազարավոր լամպերի փայլից՝ մեր իշխանավորները ցույց են տալիս բացարձակ անգիտակից ինքնամոռաց հիացում: Կամ էլ ձևացնո՛ւմ են անգիտակից ինքնամոռացում, որ անցնցում լինի թշնամու համար այս՝ «երբևէ չբանակցված միջանցքը» ստանալը. այս՝ հայհոյանքի տրամադրող թեզի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ վերջերս՝ խիստ իջեցված աշխատավարձի պատճառով իրենց ծառայությունը դադարեցրին և դիրքերից ցած իջան տասնյակ փորձառու կամավորականներ: Բավականին երկարած շփման գծում կրկին կանգնած են ժամկետայիններն ու պայմանագրայինները: Եվ որքան էլ երդմնախեղդ լինի պաշպանության նախարարությունը, թե զինվորին ամեն ինչով ապահովում է, առաջնագծում զինվորները հաճախ ջերմանալու տարրական հնարավորություն չունեն, իսկ դա, իհարկե, ազդում է մարդու մարտունակության վրա:
Ի՞նչը կարող է հետաձգել այս գաղափարի իրագործման ուղղությամբ թուրք-ադրբեջանական զինված պարտադրանքի փորձը. սեպտեմբերի 13-14-ն աչքի առաջ ունենալով՝ կարող ենք փաստել՝ ամերիկյան զսպող մեխանիզմների գործարկումը: Ակտիվ մարտական գործողությունների՝ գոնե մի քանի ամիս հետաձգումը մեզ կարող է հնարավորություն տալ զինվել և պատրաստվել մի փոքր ավելի լավ:
Մյուս տարբերակը, որի գործարկման համար հայկական զինուժը պատրաստելու մասին են խոսում փորձառու զինվորականներ, միայն պաշտպանվողի դերից հրաժարվելն ու նաև հարձակվողի սկզբունքով աշխատելն է. որպեսզի թշնամուն զրկենք նախահարձակ լինելու առավելությունից, և առավել մեծ հավանականությամբ կատարենք մեր խնդիրը՝ նվազագույնը թույլ չտանք թշնամուն իրագործել իր մտադրությունը: Մենք միանշանակ կարող ենք հետախուզական տվյալներն ուղղորդել այդ նպատակը սպասարկելուն, իսկ միջազգային իրավունքի տեսակետից մենք իրավասու ենք փորձ անել՝ վերականգնելու մեր տարածքային ամբողջականությունը: Այնպես որ այս՝ գործուն տարբերակի համար պակասում է մեկ գործոն՝ քաղաքական կամքը:
Եվ այս կետում մի չնչին անհիմն հույս թողնենք, թե մանկամիտ հիացմունքով հրապարակի հրավառությունը դիտող իշխանավորները արտաքին աշխարհի՛ համար են ձևացնում, թե երազային մոռացման մեջ են. իսկ իրականում ամեն ժամ թարմացնում են հետախուզական տվյալները, որ պատրաստ լինենք նենգ թշնամու ամեն արարքի: Եվ երբ թուրք-ադրբեջանցիք ավարտեն իրենց զորավարժությունները, մենք էլ՝ մեր մանկական եվրատեսիլը, մերոնք կկարողանան կանխել թշնամու առաջխաղացումն ու նախատոնական հրավառությունից վառ ռումբեր չեն պայթի մեր երկնքում: