«Ակնհայտ է, որ հիմնադրամի գործունեությունը, ցավոք սրտի, մոտենում է ավարտին, հիմա դա տեղի կունենա մեկ, թե երկու տարի հետո, կդժվարանամ ասել»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ խոսելով հիմնադրանի գործունեությունից։
«Կառույցը քանդվում է, մենք գիտեինք, որ Վեհափառ Հայրապետը և Կիլիկիո Հայրապետը հրաժարվել էին այս տարի ուղերձներով դիմել, որը ինձ համար շատ ցավալի էր, բայց և հասկանալի»,- նշեց Վարդանյանը։
Ըստ Վարդանյանի՝ հիմնադրամի նախագահի ձևական ընտրություն է եղել, որի միջոցով նախագահ է նշանակվել Փաշինյանի խորհրդականը, և դրա միջոցով Փաշինյանը ստացել է վերահսկողության հնարավորություն հիմնադրամի վրա։
Խոսելով հիմնադրամի՝ 2018 թ․ հետո ծավալած գործունեությունից՝ Վարդանյանն ասաց. «18-ին տեղի է ունեցել, այսպես կոչված, հեղափոխություն, ընդհանրապես եթե մենք նայում ենք Սփյուռքի տեսանկյունից, գիտակցում ենք, որ «հեղափոխություն» բառը ինքնին Սփյուռքի համար վտանգավոր բառ է, որովհետև այդ մարդիկ տարբեր երկրներում անցել են հեղափոխության միջով և գիտեն այդ հեղափոխությունների կործանարար արդյունքները, դրա համար ես ինքս, երբ հիմնադրամի տնօրեն էի և հիմնադրամ էր այցելել այդ ժամանակվա Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և հարցրեց՝ արդյոք հիմա ավելի շատ փող ենք հավաքելու, ես ասացի՝ ոչ, հեղափոխությունից մարդիկ վախենում են, ավելին՝ մեկ-երկու տարի «պաուզա» է լինելու, մարդիկ պետք է հասկանան՝ ի վերջո այս հեղափոխությունը ինչի է բերելու, հետո նորից նվիրատվությունները կշատանան, և այդպես էլ եղավ, եղավ անկում, որից հետո եղավ 2020 թ-ի գմփոցը, որը, ես կրկնում եմ, աննախադեպ էր, ես ինքս էի ուրախանում, որ կարողանում էին նման գումար հավաքել»։
Խոսելով 2020 թ․ աննախադեպ նվիրատվությունից՝ Վարդանյանն ասաց. «Կործանիչ պատերազմի ընթացքում համայն հայությունը ֆենոմենալ մեծ գումար հավաքեց։ Հիմնադրամի պատմության մեջ դա ամենամեծ գումարն էր, ինչի համար բոլորս պետք է երախտապարտ լինեինք նվիրատուներին, ինչին հաջորդեցին տխրահռչակ որոշումները, այդ գումարից 100 մլն դոլարը փոխանցել Կառավարությանը, և բոլորս գիտենք, որ մինչ այսօր այդպես էլ չպարզվեց՝ այդ գումարն ինչի վրա է ծախսվել, ասեմ ավելին՝ չի էլ պարզվելու, անկախ նրանից, թե ինչ է հայտարարելու Կառավարությունը, կամ Վերահսկիչ պալատը, ես պնդում եմ, որ այդ գումարները չեն ծախսվել նպատակային, որովհետև նույնիսկ Դատախազությունը ոչ մի գործ չհարուցեց, այսինքն՝ ակնհայտ է, որ ծածկադմփոց արեցին դա, և դրանով Սփյուռքում և Հայաստանում նվիրատուների շրջանում բավականին լուրջ ալիք բարձրացավ, ասեմ ավելին՝ Կալիֆորնիայում բարերարների մի մեծ խումբ նոր հիմնադրամ է բացել, որոնք հրաժարվել են հիմնադրամին այլևս գումար տալ, ավելին ամեն տեղ ասում են, որ հիմնադրամը արժանահավատ չէ, քանի որ հաշվետվություն չի ներկայացրել գումարների համար»։
Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ում հանձնաժողով էր ստեղծվել, որը քննում էր հիմնադրամի 100 մլն գումարի հատկացումը Կառավարության։
«ԱԺ-ում ստեղծվել էր քննիչ հանձնաժողով, հետո ընդդիմությունը դուրս եկավ փողոց և ցավոք սրտի, ավարտի չհասցվեց այդ հանձնաժողովի աշխատանքը, բայց ես գիտեմ, որ այդ հանձնաժողովի աշխատանքների ընթացում բոլոր այն փաստաթղթերը, որոնք պահանջվել են Ֆինանսների նախարարությունից, այդպես էլ չեն տրամադրվել հանձնաժողովին, այսինքն՝ Կառավարությունը ամեն կերպ թաքցրեց այդ 100 մլնը»,- ասաց Վարդանյանը։
Ըստ Վարդանյանի՝ ստեղծված իրավիճակում դժվար է ակնկալել, որ հիմնադրամի նվիրատվությունները շատ լինեն։
«Հիմա այս ֆոնի վրա ակնկալել, որ շատ փող կհավաքվի, չի լինում այդպես։ Հիմնադրամը միշտ հայտնի էր նրանով, որ ինքը միշտ հաշվետու էր յուրաքանչյուր լումայի համար․ ցավոք սրտի, վերջի տարիներին այդ ասույթից միայն ասույթն է մնացել․ այդ աշխատանքը այլևս չկա։ Ավելին, տեսեք՝ մենք գիտենք, որ այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից հեռավել է նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով տարիներ ի վեր եղել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ի պաշտոնե, այնուհետև խորհրդի անդամ, ում շնորհիվ նաև բազում միլիոնավոր դոլարներ, նվիրատվություններ են կատարվել, և այդ մարդը, տեսնելով, որ հիմնադրամը այլևս չի ծառայում իր գլխավոր նպատակին, պատասխանատու և հաշվետու չէ գումարների համար, որոշում կայացրեց դուրս գալ հիմնադրամից։ Ես չեմ բացառում, որ նմանատիպ քայլի դիմեն նաև այլ մարդիկ։ Ցավով եմ դա ասում, որովհետև 13 տարի ես եմ այդ կառույցում եղել, ղեկավարել եմ և արել եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման բաներ երբեք չլինեն»։
Վարդանյանն ընդգծեց, որ հիմնադրամից գումարը խախտումով է փոխանցվել Կառավարությանը։
«Այդ 100 մլն-ը, որ իրենք փոխանցել էին Կառավարությանը, այդտեղ էլ էին խախտել օրենքը, որովհետև ոչ բոլոր հոգաբարձուների անդամներն են տվել իրենց համաձայնությունը, որոշներին ընդհանրապես չեն հարցրել․ նախագահ Քոչարյանին նույնիսկ չի գնացել այդ որոշման նախագիծը։ Մարդի ամեն ինչում փորձում են խաբել»։
Վարդանյանն ասաց, որ հիմնադրամի մասին պատրաստված ֆիլմում բացակայում է 1997 թ․-ից 2007 թ․ ընկած հատվածը։
«Հիմա այս տարի ֆիլմ են պատրրաստել հիմնադրամի գործունեության մասին, ու չգիտես ինչու՝ 1997-2007 թվականներին հիմնադրամ կարծես չի եղել, այսինքն՝ հիմնադրամը վերածել են քաղաքական ինչ-որ խաղի, որը չի կարելի։ Երբ որ ես էի տնօրենը, մենք աշխատում էինք դաշտի բոլոր հնարավոր մարդկանց հետ, մենք ունեինք շատ մեծ պատվերներ պարոն Տիգրան Պասկևիչյանից, որը հայտնի է որպես Լևոն Տեր-Պետրոսյանի հետևորդ, բայց իմ ղեկավարման 10 տարիներին Պասկևիչյանը հիմնադրամի համար գործ է արել։ Մենք ունեցել ենք դաշնակցականներ, ունեցել ենք կապեր ԲՀԿ-ի հետ, բոլորի հետ։ Մեզ համար Հայաստանի ներսում, թե դրսում մարդու քաղաքական էությունը կապ չուներ։ Մեզ համար կարևոր էր, որ նա հայ է և պատրաստ է օգնել։ Հիմա ավելի շատ քաղաքականացրել են․ գումարները Կառավարությանը տալը և դրանից հետո հիմնադրամի տնօրենի կեցվածքը անհասկանալի է, որովհետև ինքը ի պաշտոնե պետք է առաջին մարդը լիներ, որը կռիվ էր տալու այդ գումարի հաշվետվության համար․ ոչ թե ուրիշները, այլ ինքը, մինչդեռ ինքը զբաղված էր այդ ամենը սվաղելով»։