Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:50 24-11-2022

ՀՀ իշխանություններին ընդդիմադիր, ոչ արցախցի գործիչ ընդգրկելը կարող է որոշակի քաղաքական գիծ որդեգրելու նախանշան լինել․ Արման Մելիքյան

«Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հավանաբար, նպատակ ունի ամբողջությամբ թարմացնելու կառավարության կազմը՝ ելնելով այն առաջնահերթություններից, որոնք իր համար գոյություն ունեն՝ պետնախարարի պաշտոնն ստանձնելու շրջանակներում»։ Oragir.News-ին այս մասին ասաց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության 9 նախարարությունների ղեկավարների պաշտոնանկության վերաբերյալ հարցին։

«Թե դրանից ինչ կփոխվի, փոքրիշատե պարզ կդառնա այն ժամանակ, երբ նախարարական թափուր պաշտոնները կոնկրետ նոր մարդիկ կզբաղեցնեն»,-ասաց նա։

Արման Մելիքյանը խուսափեց մեկնաբանել Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հնարավոր թեկնածության մասին շրջանառվող լուրը։ Հայտարարեց․ այդ մասին պաշտոնական որևէ հայտարարություն չկա։

«Պարոն Օսկանյանի անցած մասնագիտական ուղին պատկառելի է: Այդուհանդերձ, Արցախի արտգործնախարարի պաշտոնում նրա նշանակման մասին խոսակցությունները պաշտոնական բնույթ չունեն, ուստի այս պահին նպատակահարմար չեմ գտնում դրանց հիման վրա տեսակետ արտահայտել»,- ասաց նա։

Արցախի նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաև հարցին, թե որքանով է իրատեսական՝ ՀՀ-ում ակնհայտ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող գործչի՝ Արցախում պաշտոն ստանձնելու հնարավորությունը։ Ըստ նրա՝ դա կախված կլինի Արցախի կառավարության նոր ղեկավարի որդեգրած քաղաքականությունից։

«Անձնապես պարոն Օսկանյանի հետ չկապելով այս խնդիրը՝ կնշեմ միայն, որ եթե պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի կառավարության կազմում ՀՀ գործող իշխանություններին ընդդիմադիր ծագումով ոչ արցախցի քաղաքական գործիչներ ընդգրկելու նպատակ ունի, ապա դա կարող է որոշակի քաղաքական գիծ որդեգրելու նախանշան լինել: Բայց, ամեն դեպքում, սպասենք նշանակումներին»,- ասաց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է արտգործնախարար նշանակվելու պարագայում Վարդան Օսկանյանի գործունեությանն ու Արցախում ակնկալվող փոփոխություններին վերաբերող հարցին, Արման Մելիքյանը տեսակետ հայտնեց, որ դրանք, ըստ ամենայնի, կտեղավորվեն նրա կողմից ավելի վաղ հրապարակված դիրքորոշումների շրջանակներում։

«Պարոն Օսկանյանն իր մոտեցումները հրապարակավ ներկայացրել է՝ անկախ Արցախում պաշտոնի նշանակվելու վերաբերյալ այս խոսակցություններից: Դժվար թե նա հետ կանգնի իր մոտեցումներից պաշտոնի նշանակվելու դեպքում»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի արտգործնախարարի պաշտոնում նաև ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հնարավոր թեկնածության վերաբերյալ խոսակցություններին՝ Մելիքյանն ասաց․ դա նույնպես չի մեկնաբանի, քանի դեռ այդ մասին պաշտոնական հայտարարություն արված չէ։

«Նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը ստանձնել է Արցախն այս ծանրագույն վիճակից հանելու պատասխանատվությունը, և միայն իր կողմից արված արդեն կոնկրետ նշանակումները թույլ կտան հասկանալ, թե ում հետ միասին և ինչ կերպ է նա պատրաստվում դա անել»,- եզրափակեց Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել