«Ֆակտոր թիվի»-ի հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն է։ Խաչատրյանը խոսել է ԲԴԽ-ի, կոռուպցիայի դեմ պայքարի, ՀԱՊԿ անդամ երկրներին Հայաստանում հյուրընկալելու մասին։
«Խնդիրը նրանում է, թե մենք պատկերացնում ենք՝ ինչ հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվում։ Այդտեղ կա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և այլն։ Նոր իշխանությունները համակարգ են ստեղծում, որը անհրաժեշտ է, որը չենք ունեցել։ ԲԴԽ-ն հավանաբար ներքին վստահություն ունի, որ տվյալ դեպքում Մնացական Մարտիրոսյանի գործունեությունը կբարձրացնի հավատը դեպի արդարադատություն և ԲԴԽ-ի հեղինակությունը։ Առաջիկայում կլինեն կոռուպցիոն դատավարություններ և բոլորը կիմանան՝ գործը շինծու էր, թե հիմքեր ուներ, դատավորը ղեկավարվեց օրենքով, թե ցուցումներով․ դա շատ արագ երևալու է»։
«Ճանաչելով Կարեն Անդրեասյանին, և ԲԴԽ-ի մյուս անդամներին կարող եմ ասել, որ իրենք վստահ են, որ այս քայլը կբարձրացնի իրենց հեղինակությունը, այդ թվում՝ հասարակության վստահությունը դեպի հակակոռուպցիոն պայքարը, դա մոտ ապագայում կերևա»,- կարծում է պատգամավորը։
Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե ինչ կոռուպցիոն գործեր են հարուցվել, ինչ դատավճիռներ են իրականացվել, և դրանք օբյեկտիվ են եղել, թե պատվիրված։
Հարցազրուցավարի այն հարցին, թե ինչ վստահություն հասարակությանը պետք է ներշնչի այն անձը, որը մեղադրվել է նախկին իշխանության պատվերները կատարելու մեջ, իսկ այժմ պաշտոն է ստացել, պատգամավորն ասաց, որ երեք-չորս ամսում ակնհայտ կլինի՝ ինչ կոռուպցիոն գործեր են հարուցվում, ինչպիսի քննություն է եղել, և պարզ կդառնա դատավորը կայացնում է վճիռներ՝ ելնելով իրավունքից, թե քաղաքական պատվերից։
Հարցին, թե ինչու է Հայաստանը հյուրընկալում ՀԱՊԿ անդամ երկրներին, որոնք պատերազմական հանցագործություններ են իրականացնում և միջազգային քրեական դատարաններում նրանց դեմ գործեր կան, Խաչատրյանը ասաց, որ այդ նույն երկրներին հյուրընկալել է Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը։ Հայաստանի խնդիրը չէ դառնալ աշխարհի ամենաարդար պետությունը և թիրախը բոլորի, ՀՀ իշխանությունների նպատակն է ապահովել Հայաստանի քաղաքացիների անդորրը և անվտանգությունը։