Իմ աշխատանքները կախարդական են․ Էնջի Պողոսյան
copy image url

Իմ աշխատանքները կախարդական են․ Էնջի Պողոսյան

Մշակույթ 2 տարի առաջ - 21:00 22-11-2022
«Երբ նոր էի սկսել կավով աշխատել, ընդհանրապես չէր ստացվում այն, ինչ ուզում ու պատկերացնում էի։ Ձախողումներս այդ ժամանակ շատ ծանր էի տանում, որովհետև չէի հասկանում՝ ինչն եմ սխալ անում։ Հետո հասկացա, որ ինչպես աշխարհում ամեն ինչի, կավի դեպքում հատկապես պետք է աշխատել վերաբերմունքի վրա»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էնջի Պողոսյանը։ Նա առավել հայտնի է իր ինստագրամյան հարթակում, որտեղ կիսվում է խեցեգործական և մոզաիկ աշխատանքներով՝ ոգեշնչելով իր հետևորդներին։



Էնջիի խոսքով՝ կավի հետ աշխատանքը մեծ համբերատարություն, աշխատասիրություն և խոնարհություն է պահանջում․ «Պիտի լինել ծայրահեղ համբերատար, աշխատասեր ու խոնարհ։ Խոնարհ, որովհետև երբ հպարտ ես, ինքդ քո հանդեպ շատ սուր ես և պահանջկոտ, իսկ առանց սխալների մարդը չի սովորում, ոչ էլ նոր բաներ է բացահայտում։ Ես շատ եմ սիրում նորը, ուստի հիմա ձախողումներս տոնում եմ՝ ինչպիսին էլ դրանք լինեն»։

«Արվեստն իմ կյանքում եղել է միշտ՝ պաշտել եմ նկարելը շատ փոքր տարիքից, հաճախել եմ լավ երաժշտական դպրոց, երեխա ժամանակվանից մայրիկիս հետ շրջել եմ թանգարաններով, սիրել եմ ստեղծագործելը։ Բայց տևական ժամանակ կարծել եմ, որ գրելն է իմը, պատմելը, խոսելը։ Շատ ավելի ուշ՝ հատկապես կավի հետ ծանոթանալուց և մոզաիկաներ պատրաստելուց հետո հասկացա, որ իրականում ինձ հենց սա է պետք՝ ձեռքով ստեղծագործել և պատմություն պատմել իրերի միջոցով»,- ասում է Էնջին՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես ընտրեց հենց արվեստի ոլորտը։



Պատմելով առաջին հաջողությունների մասին՝ Էնջին ասաց՝ առաջին հաջողությունը համարում է այն, որ իր աշխատանքները սկսեցին վաճառվել՝ առանց գովազդի, նույնիսկ առանց ինստագրամում հրապարակելու։ «Սկզբում դա ինձ համար շոկ էր, որովհետև ես ստեղծագործում էի ինձ համար և չէի էլ մտածում վաճառքի մասին։ Իմ միտքը տարիներորվ կուտակածս նյութերն ինչ-որ լավ բանի վերածելն էր։

Առավելագույնը՝ երբևէ ինչ-որ տեղ ցուցադրություն կազմակերպելը։ Բայց աշխատանքներիս վաճառքը փոխեց ամեն ինչ, և նվիրեց ինձ իմ ներկայիս կյանքը․ հիմա ես վաստակում եմ պաշտելի աշխատանքով»։

Ինչպես արդեն նշեցինք, Էնջին իր աշխատանքներով կիսվում է ինստագրամյան հարթակում, այն հարցին, թե ինչպես սկսվեց ինստագրամում իր ակտիվությունը Էնջին պատասխանում է․

«Ինստագրամը վերջին տարիներին իմ սիրելի հարթակն է, որովհետև սրտիդ չափ գեղեցկություն կարող ես գտնել այնտեղ, օրինակ, քո անկողնում պառկած։ Կարող ես հետևել լավ արտիստների, ոգեշնչվել, նոր բաներ սովորել։ Ինչու ոչ՝ նաև ցույց տալ քո շնորհը, գտնել գաղափարակիցների։

Ինստագրամն ինչ-որ առումով նաև օրարգիր է ինձ համար՝ գեղեցիկ պահերի օրագիր։ Ես ինքս իմ էջից էլ եմ ոգեշնչվում։ Կարծում եմ՝ դա ևս շատ կարևոր է»։

Իսկ ներկայում, թե ինչեր է պատրաստում և աշխատանքային գործունեության որ փուլում է Էնջին պատասխանում է․ «Հիմա պատրաստվում եմ Ամանորին, որովհետև շուտով մարդիկ նվերներ են փնտրելու իրենց հարազատների համար, պիտի պատրաստ տեսականի ունենամ։ Ես սա մեծագույն սիրով եմ անում, որովհետև հավատացած եմ՝ իմ աշխատանքները կախարդական են և դրական փոփոխություններ են բերում մարդկանց կյանք»։

Անդրադառնալով ցուցադրություն կազմակերպելու վերաբերյալ հարցին՝ Էնջին ասաց․ «Ցուցադրություն կազմակերպելու միտք նախորդ տարի կար, երբ դեռ չէի վաճառել ոչ մի աշխատանք, մտածում էի՝ կհավաքվեն աշխատանքներս, կկազմակերպեմ։ Իսկ հիմա ուղղակի չեմ հասցնում, որովհետև սարքածս աշխատանքները շատ արագ գտնում են իրենց տերերին, ինձ մոտ գրեթե ոչինչ չի մնում։

Միգուցե մի օր բոլորից հավաքեմ, անեմ, բայց առայժմ նման պլաններ չկան։ Չնայած շատ կուզեի՝ շատերը տեսնեին աշխատանքներս բնականից, որովհետև նկարները, որքան էլ լավ որակի լինեն, երբեք չեն կարող նույն տպավորությունը գործել, ինչ շոշափելի առարկաները»։



Հայտնի է, որ ձեռագործ աշխատանքով զբաղվելը խթանում է մարդու ստեղծագործական ակտիվությունը, և կավագործությունն էլ իր հերթին առաջնահերթ բորբոքում է երևակայությունը, զարգացնում է ձեռքերի շարժունակությունը: Չպետք է մոռանալ նաև կավի բուժական հատկության մասին։ Այդուհանդերձ, կավի հետ աշխատանքն ունի իր դժվարությունները, ինչպես Էնջին է պատմում այստեղ կարևոր է․ «Գտնել աշխատանքի և հանգստի ճիշտ բալանսը։ Երբ սիրածդ աշխատանքով ես զբաղվում, երբեմն չես էլ նկատում՝ քեզնից ինչքան ջանք է գնում՝ հոգևոր և ֆիզիկական, ինչքան ես դու սպառվում ու մոխրանում սիրածդ գործի մեջ և ինչքան կարևոր է՝ երբեմն ոչինչ չանել, չմտածել, նոր գաղափարներ չգեներացնել։ Ես անընդհատ այդ պրոցեսի մեջ եմ, ցանկացած պատկեր որ տեսնում եմ, ուղեղումս վերամշակվում է որպես խեցեղեն կամ մոզաիկ իր, բարդ է այդ ընթացքը կանգնեցնել, հանգստանալ, կտրվել»։



Էնջին նշում է, որ բոլոր այն մարդիկ, որոնք չեն կողմնորոշվել՝ ինչ նվիրել իրենց համար ամենաթանկ մարդկանց, կարող են դիմել իրեն։ «Գրեք ինձ նամակ, միասին կողմնորոշվենք։ Մի հրաշք բան գլուխ կբերենք»։





«Եվ վերջում՝ եթե կարդացիք հարցազրույցը ու դեռ չեք հետևում ինձ ինստագրամում, արեք դա հենց հիմա՝ փնտրելով Shnorhalli»։

Ամենից շատ դիտված