Երևան +9°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:56 21-11-2022

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան կշարունակի Սիրիայում և Իրաքում գտնվող ահաբեկիչներին հարվածներ հասցնել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին չի տեղեկացնում Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների թիրախներին հարվածելու իր ծրագրերի մասին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Կատարից Թուրքիա վերադառնալիս՝ օդանավում լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ։

Պատասխանելով հարցին, թե Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների թեման բարձրացվե՞լ է Բալիում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, Էրդողանը նշել է, որ այդ հարցը չի քննարկվել։ «Միևնույն ժամանակ, և՛ Բայդենը, և՛ Պուտինը քաջատեղյակ են Անկարայի դիրքորոշմանը և այս տարածաշրջանում ցանկացած պահի մեր հարվածների հավանականությանը»,- ասել է նա։

Թուրքիայի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները չեն գործում որևէ երկրի թույլտվության հիման վրա, ընդգծել է պետության ղեկավարը։ «Թուրքիան ինքն է որոշում, թե ինչ քայլեր ձեռնարկի։ Ամերիկացիները պետք է հստակ ասեն այս մասին: Կարծում եմ՝ նրանք արդեն հասկացել են: Բոլոր կողմերը շուտով ականատես կլինեն Թուրքիայի նոր կարևոր քայլերին»,- վստահեցրել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը նաև ափսոսանք է հայտնել Սիրիայի հարցում ԱՄՆ դիրքորոշման հետ կաված։ Նրա խոսքով՝ Թուրքիան վշտացած է այն փաստից, որ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցը վերջին տարիներին զինամթերքով և զենքերով լի հազարավոր բեռնատարներ է մատակարարել Սիրիայի այն շրջաններ, որտեղ գործում են ահաբեկիչները։ Նա հավելել է, որ Սիրիայի վերաբերյալ Անկարայի մտահոգությունը Վաշինգտոնի ուշադրությանն է արժանացել։

«Ես անձամբ բարձրացրել եմ հարցը Օբամայի, Թրամփի և հետագայում Բայդենի հետ զրույցներում՝ ասելով, որ եթե մենք ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և գործընկերներ ենք, ապա պետք է տեղյակ լինենք, որ ամերիկացիների կողմից Սիրիայում ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը սպառնալիք է Թուրքիայի հարավային սահմանների համար։ Մենք զգուշացրել ենք, որ անհրաժեշտության դեպքում մենք ստիպված կլինենք հակահարված տալ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Վերջինս շեշտել է, որ ամերիկյան կողմը Անկարային պատասխանելու ոչինչ չունի։ Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի գործել այնպես, ինչպես պահանջում են Թուրքիայի անվտանգության շահերը և այս հարցում որևէ զիջում չի կարող լինել։

Հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է Թուրքիայի զինված ուժերի նոր գործողություն Սիրիայի հյուսիսում և Իրաքում, Էրդողանը վստահեցրել է, որ տարածաշրջանում ահաբեկիչների դեմ թուրքական բանակի գործողությունները կշարունակվեն։ Էրդողանը ասել է, որ Սիրիայում և Իրաքում իրականացված գործողությունները չեն սահմանափակվելու միայն օդային հարձակումներով՝ չբացառելով ցամաքային գործողություններ սկսելու հնարավորությունը։

Վերջինս հիշեցրել է 2019 թվականի Սոչիի պայմանավորվածությունները, որոնց համաձայն ռուսական կողմը ստանձնել է Սիրիայի որոշ շրջաններ ահաբեկիչներից մաքրելու պատասխանատվությունը։

«Ցավոք, չնայած թուրքական կողմից բազմիցս հիշեցումներին, այդ պարտավորությունները չեն կատարվել։ Չեն անում, չեն կարող։ Ի պատասխան՝ մենք հայտարարում ենք, որ պայմանավորվածությունները չկատարելու դեպքում մենք ինքներս կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր ահաբեկիչների դեմ։ Հենց սրանով են պայմանավորված սիրիական Քոբանիում նախօրեին 12 ահաբեկիչների թիրախներին հասցված հարվածները։ Սա այն գործողությունների մի մասն է, որը շարունակվելու է»,- ասել է Էրդողանը:

Հյուսիսային Իրաքում ահաբեկիչների դեմ վերջին հարձակումների վերաբերյալ Էրդողանն ասել է, որ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի բանվորական կուսակցության օբյեկտների վրա հարձակումների ժամանակ կիրառվել է մինչև 70 ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։

«Ընդհանուր առմամբ, օդային հարվածների նախօրեին Սիրիայում և Իրաքում ոչնչացվել է ահաբեկիչների 89 թիրախ, այդ թվում՝ թունելներ և զենքի պահեստներ։ Մեծ թվով ահաբեկիչներ են վնասազերծվել։ Հարվածները հասցվել են Իրաքի տարածքում մոտ 140 կմ խորությամբ և Սիրիայի տարածքում՝ 20 կմ խորությամբ»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ առավոտյան զանգահարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, ով հայտնել է գործողության ամբողջական հաջողության մասին։