«Ֆրասիայի նկատմամբ ատելության խոսքը վերջին ամիսներին Ադրբեջանում բավականին շատացել է։ Այդ իրավիճակը գնալով ավելի է զարգանում»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
«Բոլոր այն մարդիկ կամ պետությունները, որոնք փորձում են որոշակի ազդեցություն ունենալ Արցախի հակամարտության կարգավորման վրա, դառնում են Ադրբեջանի ատելության արշավի թիրախ։ Տարատեսակ ծաղրանկարներով՝ Էմանուել Մակրոնի ու առհասարակ, Ֆրանսիայի վարած քաղաքականության նկատմամբ կա հստակ ու լուրջ հակաքարոզչություն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, դա առաջին հերթին պետք է դիտարկել որպես այդ պետության դիրքորոշում»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ այդուհանդերձ, ֆրանսիացի պաշտոնյաների հաշիվների սառեցման կամ նմատատիպ այլ սանկցիաների կիրառման ուղղությամբ Ադրբեջանն առաջին քայլն անողը չի լինի։
«Սովորաբար, քաղաքական սադրանք իրականացնող համարում է այն կողմը, որն առաջինն է դիմում այդպիսի քայլերի։ Հետագայում հենց այդ կողմն էլ կրում է դրա պատասխանատվությունը։ Հետևաբար, Ադրբեջանի կողմից նման քաղաքական ձևակերպումներն առաջին հերթին Ֆրանսիային, էսպես ասած, զսպելու նպատակ ունեն։ Ցանկանում են ցույց տալ, որ իրենք բաց չեն թողնի հնարավորությունը՝ Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու»,- ասաց նա։
Այս առումով, ադրբեջանագետի դիտարկմամբ, Ադրբեջանի հայտարարությունները դժվար թե վերածվեն գործողությունների։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա էր հանձնվել՝ նոյեմբերի 15-ին այդ երկրի սենատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձի կապակցությամբ։ Ավելի ուշ Ֆրանսիայի դեմ հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջանի խորհրդարանը։