Ներքին 3 տարի առաջ - 18:41 16-11-2022

Ախալցխայից մինչև Թբիլիսի՝ ողջ ճանապարհը կաթվածահար է, հազարավոր մեքենաներ հերթերի մեջ են․ Էդուարդ Այվազյան

Oragir.News-ն օրեր առաջ հայտնել էր, որ դեպի Վերին Լարս տանող ճանապարհին բեռնատարների կիլոմետրանոց հերթեր են։ Նախօրեին խնդրի մասին բարձրաձայնվել է նաև Ազգային ժողովում։

Oragir.News-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախք Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանն ասաց, որ Ախալցխայից մինչև Թբիլիսի՝ ճանապարհը կաթվածահար է, հազարավոր հայկական բեռնատարներ հերթում են։ Անգամ մարդատար մեքենաները դժվարությամբ են անցնում ճանապարհը։

«Ընդ որում՝ միայն հայկական բեռնատարներ չեն, ճանապարհին նաև ադրբեջանական և թուրքական բեռնատարներ կան։ Ախալցխայից մինչև Թբիլիսի՝ ճանապարհը կաթվածահար վիճակում է, անգամ մարդատար մեքենաների համար ճանապարհներն անանցանելի են։

Այս ամենը պայմանավորված է հիմնականում նրանով, որ եթե նախկինում Լարսի անցակետը 400-500 բեռնատար էր անցնում Ռուսաստան, ապա հիմա ռուսական անցակետերը ընդամենը 200-250 բեռնատարի են թույլ տալիս անցնել, քանի որ ստուգումները շատ խիստ են»։

Այվազյանն ասաց, որ խստացումները պայմանավորված են աշխահաքաղաքական իրադրությամբ և Ղրիմի կամրջի պայթյունով։

«Եթե հիշում եք, ենթադրություն կար, որ բեռնատարները, որոնք պայթել էին կամրջի վրա, Վրաստանով են անցել։

Բնականաբար, խնդիրը կապված չէ միայն հայկական մեքենաների հետ, թուրքական համարներով մեքենաները հերթերում շատ են։ Բայց հիմնականում հայկական բեռնատարներ են, քանի որ հայկական բեռները հիմնականում Վրաստանով են անցնում ։

Իհարկե, չի բացառվում, որ այստեղ կա նաև քաղաքական կոնտեքստ, բացառված չէ, որ Ռուսաստանը նաև քաղաքական խնդիր է լուծում այս իրավիճակով, սակայն հիմնական վարկածն այն է, որ ինչպես Ռուսաստանում հայտարարեցին, իբրև թե պայթած բեռնատարը Վրաստանով է անցել։ Ընդ որում՝ չեմ բացառում, որ սա նույնպես քաղաքական մանիպուլյացիա լինի»։

Իրավիճակի հանգուցալուծման առնչությամբ մենք մեկնաբանություն էինք խնդրել նաև Էկոնոմիկայի նախարարությունից։

Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից հայտնեցին, որ Վերին Լարսի հետ կապված իրավիճակը կայուն է․ «Մենք, իհարկե, հետևում ենք թողունակությանը, ինչպես նաև առաջացող խնդիրներին։ Մենք նաև օպերատիվ աշխատում ենք ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում լուծենք խնդիրը։

Վերին Լարսի անցակետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող հայկական բեռնատարների կուտակումները, որոնք առաջացել են Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների կողմից բեռնատարների և ավտոմեքենաների խստացված զննման գործընթաց սկսելուց հետո, նվազում են, քանի որ Լարսի անցակետի թողունակությունը վերականգնվել է։

Համաձայն վարվող վիճակագրության՝ նոյեմբերի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից դուրս է եկել 2048 մեքենա և ԵԱՏՄ է մտել 1990 հայկական մեքենա և անցել Ռուսաստան, ինչը ցույց է տալիս, որ հերթը Վրաստանի տարածքով նվազում է։ ԵԱՏՄ-ից դուրս է եկել 2017 և Հայաստան է մտել 2321 մեքենա»։

Հատկանշական է, որ նախարարությունից ստացած մեր այս պատասխանը և նախարար Վահան Քերոբյանի՝ հարցի առնչությամբ տրված պարզաբանումը միմյանց այնքան էլ չեն համապատասխանում։

Հիշեցնենք, որ Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Լարսում խնդիրն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ղիրմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացան մեքենաների, բեռնատարների ստուգման ռեժիմները։ Նա նաև նշել էր, որ հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»