Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասել է, որ մեր երկրի տնտեսությունը բում է ապրում՝ ներկայացնելով այս տարվա 14 տոկոս տնտեսական աճի տվյալը։
Oragir.News-ը տնտեսագետ Թադևոսն Ավետիսյանից խնդրեց մասնագիտորեն դիտարկել այս «տնտեսական բում» գնահատականը։ «Երբ տնտեսական ցուցանիշները որոշակիորեն փոխվում են, շատ կարևոր է արձանագրել՝ դրանք ժամանակավոր են, թե կայուն։ Իրականությունն այն է, որ տնտեսական 14 տոկոս ակտիվությունը բավական բարձր ցուցանիշ է, բայց այն արտաքին գործոնի՝ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցության արդյունք է։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման արդյունքում աննախադեպ մեծ թվով ավելացավ Հայաստան քաղաքացիների և դրամական միջոցների ներհոսքը։ Հիմա այսպիսի իրավիճակում՝ արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ ունեցել ենք տնտեսական բարձր աճ, և այսօրվա իշխանությունները դա ամբողջությամբ իրենց են վերագրում, թե ապահովել են այդ տնտեսական ակտիվությունը։ Բայց երբ արտաքին գործոնը բացասական ազդեցություն ուներ՝ 2020-2021թթ․ նրանք ամբողջապես մեղավոր համարեցին քովիդը, պատերազմը, իրենց պատասխանատվությունը որևէ կետում չէին գտնում»,- նշեց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ փաստն այն է, որ տնտեսության իրական հատվածի ներդրումներն այս տարվա ինն ամիսներին էապես նվազել են, գյուղատնտեսությունը, որ մեր երկրում ամենակարևոր ճյուղն է, էլի նվազում է արձանագրել, և եթե հանքարդյունաբերությունը չդիտարկենք, ապա արդյունաբերության ոլորտն էլ շատ չնչին աճ է գրանցել։
«Երբ 2021 թվականին հաստատում էին բյուջեն, կանխատեսել էին 7 տոկոս տնտեսական աճ, և ասում էին, որ դա շատ բաձր թիվ է, և փորձելու են ձգտել այդ թվին։ Հիմա ունենք կանխատեսումից երկու անգամ ավելին, և հիմա իրենք գլխապտույտի մեջ այս ողջ տնտեսական ակտիվությունը իրենց են վերագրում։ Բայց դրա հիմնական գործոնների հետ իրենք որևէ կապ չունեն, քանի որ դա արտաքին է, և, ի դեպ, կարճաժամկետ»,- նշեց Ավետիսյանը։
Նա վստահ է, որ հետագայում, երբ այս արտաքին գործոնների ազդեցությունը նվազի կամ վերանա, շատ ավելի ծանր տնտեսական դրություն է արձանագրվելու։ «Ինչպես արտարժույթի մուտքերն ավելացան՝ մեր երկրում օտարկրկյա քաղաքացիների մուտքով պայմանավորված՝ պահանջարկն աճեց, այնպես էլ երբ չի լինի այդ գործոը, նույն ձևով ու նույն արագությամբ, այն կրճատվելու է։ Եվ մենք ունենալու ենք լուրջ դժվարություններ, երբ դրա ազդեցությունը վերանա։
Մեր տնտեսական բլոկի պատասխանատուները իրականում ոչինչ չեն արել, որ այս դրամական ներհոսքը դեպի մեր երկիր կապիտալացվի և դառնա ներդրումներ, և հիմք ստեղծի կայուն տնտեսական աճի համար։ Նրանք իրականում շարունակաբար ձախողում են թե գյուղատնտեսական և թե արդյունաբերական քաղաքականությունը։ Եվ եթե նայենք օտարերկրյա ներդրումներին հիմնական ոլորտներում, ապա դրանք ոչ թե ավելանում են, այլ նվազում, և մեր իրական տնտեսական ներուժը աստիճանաբար նվազում է»,- ասաց նա։
Հարցին, թե ինչ պիտի անեին, որ չեն արել, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց, որ պիտի ձգտեին չեզոքացնել անվտանգային խնդիրներն ու իրականացնեին գյուղատնտեսական արդյունավետ ծրագրեր։ «Առնվազն առկա աշխարհաքաղաքական ռիսկերը նաև տնտեսական անվտանգության ռիսկեր են․ այսինքն՝ ամեն օր թշնամի երկիրը հոխորտում է, մեր սուվերեն տարածքները զավթում, մենք ունենում ենք հարյուրավոր նոր զոհեր, նոր գերիներ։ Սրանք լուրջ տնտեսական անվտանգության խնդիրներ են, որոնց բուն աղբյուրը այսօրվա իշխանություններ են՝ իրենց քաղաքականությամբ։
Երկրորդը․ պետությունը պիտի վարի այնպիսի համապարփակ քաղաքականություն՝ իրական ծրագրերով, որ մեր երկրում մշակվող հողատրաածքներն ավելանան և գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրանա։ Սակայն աստիճանաբար, գյուղատնտեսության ծավալները պակասում են, և դա հակադիր է աշխարհի միտումներին։ Այսօր նույնիսկ զարգացած երկրները ավելացրել են գյուղատնտեսական աջակցության ծրագրները, քանի որ անկայուն իրավիճակով պայմամավորված՝ աճում են գյուղմթերքի, սննդամթերքի գները։ Սա պիտի վերափոխվի և վերանայվի․ այստեղ որևէ տրամաբանական և երկարաժամկետ ծրագիր չկա, մինչդեռ պետք էր խթանել փոքր և միջին բիզնեսը»,- նշեց նա։
Թադևոսյանը կարևորեց արտահանվող ապրանքների համար տարանցիկ երկիր լինելու փոխարեն արտադրող և արտահանող երկիր դառնալը։ «Բազմաթիվ ապրանքներ ներկրվում են Հայաաստան և արտահանվում․ դրանց որոշ տեսակներ՝ հագուստ, կոշկեղեն, կարող էինք արտադրել Հայաստանում․ դրա իրական ներուժը կա։ Ակնհայտ է, որ կարող ենք Չինաստանից հումքը ներկրել, ապահովել աշխատատեղեր, արտադրել և արտահանել։ Իսկ հիմա ընդամենը ապրանքները բերում ենք և վերարտահանում Ռուսաստան․ սա մեր արտահանումը չէ, այլ վերարտահանում է, որ կարճաժամկետ է, և երբ ռուս-ուկրաինական պատերազմը հանգուցալուծվի, և կայունություն հաստատվի, մենք փաստացի զրկվելու ենք նաև այդ հնարավորությունից»,- նշեց նա։
Ինչպիսին էլ այս պահին լինեն ցուցանիշները, դրանք տնտեսական իրական զարգացման արտապատկերը չեն․ «Լուծված չէ անվտանգային խնդիրը՝ ներդրողը չգիտի, թե իր ներդրումը վաղը կհայտնվի՞ պատերազմական գոտում, թե՞ այլ երկրի տիրապետության ներքո։ Իսկ այս խնդրի հիմքը իշխանությունն է իր ապազգային քաղաքականությամբ»,- նշեց տնտեսագետը։
Կարմեն Մարտիրոսյան