copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:30 31-10-2022

Շիրակի մարզում խորացել է աղքատությունը, առկա է ցրտահարության վտանգ․ Վահան Թումասյան


Շիրակի մարզում խորացել է աղքատությունը, մարդիկ նույնիսկ անցյալ տարիներին դժվարանում էին իրենց կացարաններում ապահովել մինիմալ ջերմաստիճան, իսկ այս տարի դա շատ ավելի դժվար է լինելու․ Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը՝ չբացառելով, որ կլինեն ցրտահարության դեպքեր։

«Նախորդ տարիների մեր ողջ գործունեությունն ուղղված է եղել ցրտահարման շեմին գտնվողներին օգնելը․ մենք գտել ենք ամենառիսկային ընտանիքներին, նրանց առաջնային տրամադրում էինք ոչ միայն վառելափայտ, այլև՝ մի փոքր հագուստ, սնունդ, այնքան, որ հասկանանք, որ այդ ցրտին կդիմանան։ Եվ կարծես թե, խուսափել ենք նախորդ տարիներին նման դեպքերից։

Այս տարի էլ, որքան էլ քիչ մեր ռեսուրսները, տրամադրելու ենք առաջնահերթ նրանց, որ տարեց են, ունեն հոգեկան խնդիրներ, հաշմանդամություն, ու ինքնուրույն չեն կարող աղբանոցներից կամ թփուտներից վառելիք հայթայթել։ Այդ ընտանիքներին փորձելու ենք օգնել, որ խուսափեն ցրտահարությունից, բայց գրեթե իննսունհինգ տոկոսով անպատրաստ վիճակ է»,- նշեց Թումասյանը։

Նրա խոսքով՝ խնդիրն առավել բարդացել է, քանի որ նախորդ տարի երաշտի պայմաններում կտրուկ բարձրացել էր խոտի գինը, և շատերը հրաժարվել են անասուն պահելուց՝ առավել բարդացնելով իրենց սոցիալական վիճակը։ «Նախորդ տարի երաշտ էր, անասուն պահելը դժվար էր Շիրակի մարզում, և մոտ 16 հազար խոշոր եղջերավոր անասունների կրճատում է եղել՝ հիմնականում խոցելի խավը, որ չէին կարող թանկ գներով խոտ ձեռք բերել, մորթեցին կամ վաճառեցին իրենց անասուններին։ Հիմա իրենք էլ ունեն վառելիքի խնդիր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Գյումրիում արդեն երեսուն տարի է, որ այս շրջանում վառելիքի խնդիրն ամենախիստն է։

«Եթե նախորդ տարիներին կարողանում էինք տարբեր բարեգործական ծրագրերով ձեռք բերել (եղել է տարի, որ մինչև 1500 ընտանիքի՝ խոցելի խմբերին, որոշակի քանակությամբ տրամադրել ենք), անցյալ տարի՝ շուրջ 1000, իսկ այս տարի այդ խնդիրը շատ ծանր է, մենք էլ գրեթե հնարավորություն չունենք, կարող ենք օգնել միայն ամենախոցելի բազմազավակ, ծնողազուրկ ընտանիքները, որ շատ ծանր պայմաններում, տնակներում կամ կիսաքանդ կացարաններում են բնակվում։ Եվ, որպես աղքատությունից տեղյակ մարդ՝ կարող եմ ասել, որ շատ ծանր ձմեռ է սպասվում, և պիտի պետությունն ինքը վառելափայտ բաժանի»,- նշեց Թումասյանը։

Գյումրիում հիմա մեկ խորանարդ/մետր վառելափայտն արժե 30-40 հազար դրամ է՝ մոտ 100 դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարիներին, երբ դոլարի փոխարժեքը բարձր էր, արտերկրից ստացված նվիրատվություններով հնարավոր էր լինում գնել 1.5-2 խ/մ, հիմա դա ստացվում է մոտ երկու անգամ քիչ։

«Եվ այս հսկա աղքատության պայմաններում՝ մոտ 2500 տնակի բնակիչ կա, ևս մի 100 էլ կացարաններինը։ Եվ քանի որ Գյումրիում նաև խորացել է աղքատությունը, նույնիսկ այն գազաֆիկացված տները չեն կարող գազ օգտագործել։ Այս քարուքանդ տնակներում մարդիկ՝ անկախ ընտանիքի կազմից, փակում են բոլոր սենյակների դռները, բոլորով հավաքվում են մեկ սենյակում, վառում են մեկ-երկու ժամ՝ առավոտյան, մեկ-երկու ժամ՝ երեկոյան։ Իրենք մինիմալ ջերմաստիճան էլ չեն կարող ապահովել իրենց համար այս տնակներում։ Ուղղակի այնքան, որ չցրտահարվեն։ Եվ այդ պարագայում էլ ամիսը մոտ մեկ խ/մ վառելափայտ է պահանջվում»,- ասաց Թումասյանը։

Նրա խոսքով՝ այս տարի անհրաժեշտ է պետական միջամտություն՝ ողբերգական դեպքերը կանխելու համար։ «Շիրակի մարզում ոստիկանները շատ խիստ են վառելափայտի ստուգումներն իրականացնում, և մարզ գրեթե չի մտնում վառելափայտ։ Գուցեև պետությունն արդարացի է, որ կանխում է դա, բայց պետք է մտածի՝ տնակներում ու խոնավ կացարաններում մոտ մի ամիս է, որ օգտագործվում են վառարանները»,- ասաց նա։

Oragir.News-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե չե՞ն նախատեսում օգնել աղքատության մեջ գտնվող այս մարդկանց՝ տրամադրելով վառելափայտ կամ տանը մինիմալ ջերմաստիճան ապահովելու որևէ այլ միջոց։ Նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը հաղորդեց, որ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված քաղաքացիներին նախարարության լիազորությունների շրջանակում տրամադրվում է էլեկտրաէներգիայի, գազի, խմելու ջրի նվազ սակագներից օգտվելու հնարավորություն․ այդ ուղղությամբ որևէ այլ ծրագիր այս պահի դրությամբ սոցապ նախարարության կողմից չի իրականացվում։

Կարմեն Մարտիրոսյան
adv_banner

Ամենից շատ դիտված

11:02 Ադրբեջանցիների ոչ սպորտային պահվածքը՝ հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ
13:30 ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ մահացածն ու վիրավորները մասնակցում էին հարսանեկան արարողության․ shamshyan.com
14:00 Արմավիրում ծիրան հավաքելու գնացած հնդիկները բերման են ենթարկվել
21:34 Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com
17:56 Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
22:30 Մեր անվտանգության թիվ 1 պատասխանատուն վարչապետն է, բայց Հայաստանը ծախում է․ հարցում
15:10 Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան  
12:02 Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել
12:52 Կարապետ Պողոսյանն այս պահին տանն է, հատուկ  հսկողության տակ