Թշնամու նեղլիկ օղակում, իրական վտանգի շունչն զգալով թիկունքում, դեմ-դիմաց, ամենուր, հայերեն աղոթում է Դադիվանքը՝ վերառաքելով ի խորոց սրտի խոսքն ընդ Աստուծո:
Oragir.News-ը ներկայացնում է չքնաղ վանքի լուսանկարներ՝ արված 2018 թվականին, երբ Արցախ-Հայաստան հայինն էին, քաղաքական փոփոխություններն էլ մեծամասամբ հույս էին տալիս, որ զարգացման մեծ թռիչք էինք ունենալու՝ հայրենիքի ոչ մի կտոր չէինք կորցնելու, և գուցե թե հետ էինք բերելու…

Դադիվանքը (հայտնի նաև Առաքելոց, Առաքելադիր անուններով), Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում է՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ափին: Կոչվել է նաև Խութավանք, որովհետև խութի՝ բլրակի վրա է։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադեոսի աշակերտի՝ Դադեի կողմից՝ դեռ 1-ին դարում: 9-րդ դարում կառուցվել է վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Դադիի միանավ վանքը։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, 1170 թվականին այն վերանորոգվել է։ Այդ ժամանակվանից մեզ են հասել բազմաթիվ խաչքարեր, որոնցից շատերը կանգնեցվել են Հաթերքի իշխանական տան ներկայացուցիչների հիշատակին։


12-րդ դարում այստեղ է իր «Դատաստանագիրքն» է գրել Մխիթար Գոշը: Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ՝ 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական մենախցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում՝ հնձանն ու մառանը։



Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհին՝ ի հիշատակ ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել է թուրքերի դեմ պատերազմելիս։ Երկհարկանի զանգակատան արևմտյան մասում պահպանվել է երկու խաչքար՝ քանդակված 1283 թվականին վարպետ Աթանասի կողմից։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են 12-13-րդ դարերի դեպքերի մասին։

Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 19-րդ դարում ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Գուգարք, Ուտիք, Արցախ նահանգների և Սյունիքի հարավային հատվածի հետ անցել է Ռուսական կայսրության կազմ, իսկ 1920 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո դադարել է գործել։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին՝ վերաբացվել, իսկ 1997 թվականից սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Վերականգնման գործընթացում առաջնահերթությունը տրվել է գմբեթավոր փոքր եկեղեցուն, որը գտնվում է տաճարի հյուսիսային պատից 1.5 մ հեռու։ Այնուհետև վերականգնվել է Կաթողիկե եկեղեցին:
Oragir.News-ի լուսանկարները հենց այդ շրջանից են, երբ եկեղեցու արտաքին շինարարական աշխատանքներն ավարտվել էին, ակտիվորեն ընթանում էին ներքին հարդարման և ենթակառուցվածքների աշխատանքները:

2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից, որոնց կազմում էին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվել է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, որի համաձայն Արցախում ադրբեջանական հակահայկական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի իսլամադավան բնակչությունը (ադրբեջանցիները) համարել է հայկական քրիստոնեական կրոնի մնացորդներ և ավերել»։

2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանն է հանձնվել մեր երկրի նաև այն հատվածը, ուր հնագույն վանական համալիր Դադիվանքն է։
Դադիվանք գյուղի մոտ ադրբեջանզի զինծառայողները հանդիպում են Դադիվանքի վանական համալիրը պաշտպանող ռուս զինծառայողներին.
լուսանկարը՝ Վիքիպեդիայից:2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և Դադիվանք գյուղում գտնվող Դադիվանքը վերցնում է իր անձնական պաշտպանության ներքո և այնտեղ կտեղակայվեն ռուս զինծառայողներ։ Ըստ պայմանավորվածության՝ Դադիվանքում հոգևոր ծառայություն են իրականացնելու հայ առաքելական եկեղեցու հոգևորականները, իսկ հայ ուխտավորները ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարող են այցելել վանական համալիր:
Մինչև 2021 թվականի մայիսը հայերը ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարողանում էին այցելել Դադիվանք, սակայն դրանից հետո ադրբեջանցիներն արգելում են այցելությունները, իսկ վանքում մնացած հոգևորականներին չեն թույլատրում փոխարինել։ Զուգահեռաբար, Ադրբեջանը գրոհում է քարոզչական տիրույթում՝ փորձելով աղվանական ներկայացնել նաև այս հայկական վանական համալիրը:
Դադիվանք վանական համալիրը պաշտպանող ռուս զինծառայողների դիրքը.
լուսանկարը՝ Վիքիպեդիայից:Երեք ամիս առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ցանկանում է Դադիվանքի հայ հոգևորականներին փոխարինել Բաքվի ռուսական թեմի սպասավորներով։ Եկեղեցին հույս հայտնեց, որ ՌԴ իշխանությունները տեղիք չեն տա Ադրբեջանի նման նախաձեռնությանը:
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը շատ հաճախ նաև խլացնում է հայկական օպերատորների կապը և հայ հոգևորականները տևական ժամանակ ապրում են բացարձակ մեկուսացման պայմաններում:
Ուխտավորները, լրագրողները, քաղաքական գործիչները, որ պարբերաբար դիմում են ռուսական խաղաղապահ առաքելությանը՝ Դադիվանք այցելելու համար գրանցվելու նպատակով, որպես կանոն, մերժում չեն ստանում անմիջապես, նրանց գրանցում են, նշանակվում է օր ու ժամ. պայմանավորությունը, սակայն, նշանակված օրվա մոտենալուն պես ադրբեջանական կողմից մերժվում է:
Նենգ թշնամու նեղլիկ օղակում, իրական վտանգի շունչն զգալով ամենուր՝ թիկունքում, դեմ-դիմաց, շուրջը, հայերեն աղոթում է Դադիվանքը…
Կարմեն Մարտիրոսյան