Ուղիղ եթեր
Հակոբավանք՝ փշերի մեջ թեք ընկած խաչքարերով երկնամերձ երանություն
copy image url

Հակոբավանք՝ փշերի մեջ թեք ընկած խաչքարերով երկնամերձ երանություն

Մշակույթ 2 տարի առաջ - 21:48 29-10-2022

Շուրջ 120 տարվա ընդմիջումից հետո այս տարի Քրիստոսի պայծառակերպության տոնին առաջին անգամ Պատարագ մատուցվեց Արցախի սուրբ Հակոբավանքում, ուր ծառայության է նշանակվել թշնամական շրջափակման մեջ մնացած մեր Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը:

Խենթանալու գեղեցիկ է Հակոբավանքի ճանապարհը՝ կտրուկ զառիթափերի տակ, անտառների մեջ կորչում են խորունկ անդունդները, հանդիպակաց լեռնալանջերին ծառերի թավիշը պատռելով՝ վեր են ցցվում դիք-դիք ժայռերը՝ տունուտեղը հսկող զինվորների պես, պինդ գլուխները վեր պահելով:

Դեպի վանք ճանապարհի վերջին հատվածը բարձրանում եմ ոտքով, հայացքս՝ վեր, շոյում եմ փշերի մեջ թեք ընկած խաչքարի զարդանախշերը, ու երկինքը գրկում է հոգիս… եկեղեցու եռակամարի տակ բնության մրմունջն է ու վազվզող երեխաների ծիծաղը: Երանություն…

Սուրբ Հակոբավանքը Մարտակերտի Քոլատակ գյուղից մոտ երկու կմ դեպի հյուսիս է, հայտնի է նաև Մեծառանից վանք անունով։ Արձանագրություններից ամենահինը՝ փորագրված մի խաչքարի պատվանդանի վրա, որը հետագայում տեղադրվել է եկեղեցու պատի մեջ որպես շինաքար, նշում է 853 (ՅԲ) թվականը։ Վանքի վերակառուցման մասին վկայում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի մի մագաղաթ. այստեղ գրված է, որ Սուրբ Հակոբա վանքի եկեղեցու կառուցողները եղել են Հասան-Ջալալի ծնողները՝ Վախտանգն ու Խորիշահը. «…վերստին շինեցի զեկեղեցին Մեծառանից ի փրկութիւն հոգոյ իմոյ, ի բարէխաւս յիշեցէք»։ Վանքն, ընդհանրապես, կառուցվել և նորոգվել է՝9-րդ (գուցե և 7-րդ ) դարի սկզբներից մինչև 18-րդ դարի վերջը։ Վանական համալիրի կառույցների մեծ մասը ստեղծվել է 12-13-րդ դարերում։

Հակոբավանքի համալիրի առաջին եկեղեցին երկարավուն ուղղանկյուն միանավ դահլիճ է։ Բեմը սովորականից շատ բարձր է, և այնտեղ կարելի է բարձրանալ միայն հարավային կողմի աստիճանով։ Եկեղեցու հյուսիսային կողապատի հետևում գտնվում է չորս փոքրիկ քառակուսի խուց՝ ճգնարանների և դեպի աղոթասրահ բացվող մուտքերի առկայությամբ։ Ճգնարաններից արևելյանը մտնելու համար պետք է անցնել ավագ խորանի տակով։ Այդ պատճառով էլ բեմը բարձրացվել է։ Ճգնարանների (գուցե և գաղտնարանների) գոյությունը բավարար հիմք է տալիս ասելու, որ այստեղ եղել է հնագույն կառուցվածք:

Եկեղեցու արևմտյան ճակատապատը կենտրոնն է եռակամար սրահ-գավթի. երկու սյուները և դրանք իրար ու պատերի հետ կապող կամարները սրբատաշ են: Գավթում բազմաթիվ խաչքարեր են, ավելի քան երկու մետր մեծությամբ գերեզմանաքարեր ու վիմագիր: Խաչքարերը հիմնականում վարդագույն են ու բաց նարնջագույն, տապանաքարերը՝ մոխրագույն, պատերը՝ կապտավուն, վիմագիր սալերը՝ կաթնագույն։

Եռակամար սրահի հյուսիսային ամբողջ երկարությամբ ձգվում է երկրորդ եկեղեցին։ Այն նույնպես պարզ, միանավ, ուղղանկյուն սրահ է։ Եկեղեցին հարավային մուտքով կապված է եռակամար սրահին, իսկ արևմտյան բացվածքով միացած է գավիթ-ժամատանը։

Հայտնի է, որ հայկական ճարտարապետության մեջ գավիթ սկսել են կառուցել 10-րդ դարից, և վստահաբար, սուրբ Հակոբավանքի գավիթ-ժամատունը հնագույններից մեկն է։

Պարսպապատերից ներս եղել են նաև գրատներ, մագաղաթյա ձեռագրերով լի մատենադարան, բուխարիներով տաքացվող խցեր, անդունդի վրա կախված պատշգամբներով մենախցեր։ Եղել է սեղանատուն՝ խոհանոցով, քնջութի յուղ ստանալու ձիթհանքով, մթերանոցներով, պահակակետերով, թոնիրներով. այս ամենն այսօր էլ կարելի է տեսնել կիսաքանդ վիճակում։

Վանքը վերականգնելու նպատակի շուրջ համախմբվել են Հայաստանի ու Արցախի մշակութային, հասարակական, հոգեւոր գործիչներ: Դրան զուգահեռ ակտիվացել է նաև ադրբեջանական մամուլը՝ գեներացնելով «հիմնավորումներ» սուրբ Հակոբավանքը յուրացնելու համար։

Վանքի վերականգնման ճարտարապետական նախագիծն արդեն պատրաստ է․ հեղինակը բազմաթիվ եկեղեցիների, այդ թվում՝ Դադիվանքի վերականգնման նախագծերի հեղինակ Սամվել Այվազյանն է։ Անհրաժեշտ գումարն էլ հավաքվելու է աշխարհասփյուռ հայերի հանգանակություններով։ Կազմակերպիչները հիշեցնում են, որ Ծուռ Դավիթն էլ Սասուն-պետության փառքը վերականգնելուց առաջ նախ վերակառուցում է Մարութավանքը՝ հոգևոր զարթոնքով արժանանալով տիեզերական զենք ու զրահը կրելու իրավունքին ու, ի վերջո, հաղթելով թշնամուն:

Կկանգնի նորոգ Հակոբավանքը. երեխաների այս զնգուն ծիծաղը վկա, տեր Հովհաննեսի ու Կարեն Ջալավյանի ամուր ընկերությունը վկա, կնորոգվի ու կշենանա:

Կարմեն Մարտիրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն