Ներքին 3 տարի առաջ - 17:04 24-10-2022

Կոչ ենք անում Արցախի պետական այրերին՝ մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները․ հայտարարություն

«Արդարություն» կուսակցությունը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և ՀՅԴ Արցախի կառույցը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

«Համազգային միասնությունը, իրոք որ, հայ ժողովրդի համար միակ փրկությունը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատվածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանությունները իրենց հայտարարություններում ու կոչերում միշտ էլ կարևորել են եռամիասնության գաղափարը և այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության իրականացման համար կարևորագույն հանգրվաններ են եղել մայր հայրենիքում և Արցախում տարբեր ձևաչափերով կազմակերպված համաժողովներն ու քննարկումները:

Այդ հավաքներում մեր հայրենակիցների շփումները առիթ են եղել աշխարհին, մեր բարեկամներին ու հակառակորդներին ապացուցելու, որ հանուն անանց արժեքների և կենսական կարևորություն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկյունում էլ լինի, պատրաստ է զոհողության ու նվիրումի, համախմբման ու բռունցքվելու: Անցած տասնամյակներին Արցախը եղել է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացել է հայկական աշխարհի խմորիչը, մարմնավորել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով է սկսվել և Արցախով իմաստավորվել յուրաքանչյուր համախմբման կոչ, յուրաքանչյուր համահայկական գաղափար:

44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախի պետականության պահպանման, ամրապնդման և վերքերի ապաքինման առումով համոզված ենք, որ մեծ դեր կարող է ունենալ համազգային արժեքների ու եռամիասնության գաղափարի շուրջ համախմբումը: Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ը Երևանում նախատեսվում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով:

Այդ ժողովի օրակարգին և կազմակերպման ընթացքին իրենց վերապահումներն են արտահայտել Հայ առաքելական եկեղեցու հովվապետները՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսությունները: Գագաթնաժողովին չեն հրավիրվել կամ բոյկոտել են Սփյուռքի ազդեցիկ քաղաքական կազմակերպություններ ու անհատներ:

Գագաթնաժողովի օրակարգը և նախատեսված միջոցառումները պատշաճ ու համարժեք չեն անդրադառնում Արցախին և նրա առջև ծառացած մարտահրավերներին: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պետք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: ՀՀ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայում Արցախն ու Արցախի հարցը դուրս մղելու թե՛ միջազգային, և թե՛ համահայկական օրակարգից: Այս գագաթնաժողովը նշված իրականության ևս մեկ ապացույցն է:

Արցախն անտեսող և կեղծ համահայկականությամբ քողարկված այս ժողովը անընդունելի պետք է լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ են հայոց պետականությունը և նրա ամրությունն ապահովող հիմնասյուները:

Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները:

Արդարություն կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
ՀՅԴ Արցախի կառույց»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան