Տիգրան Ուրիխանյանի «ճշմարտության պահը»․ նախկին քաղաքական գործիչը խոստանում է «տրաքացնել»
copy image url

Տիգրան Ուրիխանյանի «ճշմարտության պահը»․ նախկին քաղաքական գործիչը խոստանում է «տրաքացնել»

Ներքին 2 տարի առաջ - 22:53 21-10-2022
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը համացանցի օգտատերերին հայտնի անկեդոտն է հիշեցրել, «Ուրեմն նապոն մտնում ա փաբ, տեսնում ա՝ գայլերով նստած են, իրանից գոհ ասում ա. «Էսօր ստեղ մեկը թքելու ա»։ Գայլերը քմծիծաղ են տալիս ու շարունակում խմել։ Նապոն էլի կրկնում ա. «էսօր ստեղ մեկը թքելու ա»։ Մի քանի անգամ ասելուց հետո գայլերը ջղայնանում ու սրան սատկացնում են։ Վեր ա կենում, վրան թափ ա տալիս ու ասում. «Ասում էի չէ, էսօր ստեղ մեկը թքելու ա»»։

Անեկդոտը հիշելու առիթը Ուրիխանյանի սեպտեմբերի 25-ին կատարած գրառումն էր, թե․ «Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ին։ Ինչպես նկատել եք, պատահական բաներ չեմ ասում։ Սպասեք նշված օրվան ու ժամին։ Մնաց 25 օր։ Ամեն ինչ փոխվելու է...»։ Այս գրառումից ուղիղ 25 օր անց հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում, գործը վերաբերում է 2019 թվականին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն։ Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն հրաժարվել էր գնալ և մեկնել է Հայաստանից։

Տեղեկության հրապարակումից հետո Ուրիխանյանը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ ու հաստատեց քրեական գործի առկայությունը։

Հետո նաև անդրադարձավ հոկտեմբերի 20-ի սպասումներին․ «Շատերը սպասում էին, թե ինչ-որ ճակատագրական բան եմ անելու, այդ ճակատագրական բանը դուք եք անելու։ Բայց ես բերելու եմ նրան, որ դուք անեք»։

Ուրիխանյանը խոստանում է բացահայտումներ, ընդ որում՝ նախկին քաղաքական գործիչը խոստանում է չխնայել ոչ մեկին ու դրա համար պատասխանելու է ամենաակտուալ հարցերին․

1․ Ինչ ստացավ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով։

2․ Ոնց պատահեց, որ Ռոբերտ Քոչարյանի բանկի կառավարիչը դառավ փոխվարչապետ ու մինչև օրս մնաց։

3․ Ոնց ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանի աշխատողներից մեկը՝ Արարատ Միրզոյանը, դարձավ ԱԺ նախագահ, հետո ԱԳՆ։

4․ Ոնց սկսեցին ՀՀ արտաքին քաղաքական կուրսը փոխելու գործընթացը։

5․ Ում պատճառով զոհվեցին 5000-ից նվազ սակավաթիվ մեր երիտասարդության ներկայացուցիչները։

6․ Երբ է սպասվում հաջորդ պատերազմը, և ով է դատվելու դրա համար։

Ու էլի շատ ինտրիգային հարցերի է պատասխանելու նախկին պատգամավորը։

Ընդ որում՝ Գագիկ Ծառուկյանից հեռանալուց հետո մեկ տարվա ընթացքում մեկ ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանի հետ համագործակցության ստորագրումից, մեկ Տիգրան Արզաքանցյանի հետ միավորված քաղաքական գործիչը որոշել է չխնայել ոչ մեկին, այդ թվում՝ իր նախկին «շեֆին»՝ Գագիկ Ծառուկյանին։

Կարճ ասած՝ Միքայել Մինասյանի խոհանոցային լայվերն ու Գագիկ Սողոմոնյանի տելեգրամյան բացահայտումները մանկական խաղեր են թվալու։ Ուրիխանյանը խոստանում է՝ բարոյական վրեժ է լուծելու երկիրը կործանածներից, իսկ պատասխան տալու ժամանակը գալու է 10 զրույց հետո։

Հետաքրքիր է․ այդ զրույցներից առաջ Ուրիխանյանը երդվելու է Ավետարանի վրա ասել ճշմարտությո՞ւնը և ոչինչ ճշմարտությունից բացի, ինչպես իր՝ «Ճշմարտության Պահը» հաղորդման հյուրերին էին անում։

Հատկանշական է, որ Ուրիխանյանի խոստացված բացահայտումները հատկապես ընդդիմությանն են վերաբերում։

Ի դեպ, հիշեցնենք, որ Արա Աբրահամյանի հետ Ուրիխանյանի ջրերը սկսեցին մի առվով չհոսել այն բանից հետո, երբ Ուրիխանյանը մասնակցել էր Փաշինյանի՝ ընդդիմության հետ հանդիպումներին՝ առանց կուսակցության և Արա Աբրահամյանի հետ համաձայնեցնելու։

Հատկանշական է, որ չնայած մամուլում առկա տեղեկատվությանը քրեական գործի մասին՝ պաշտոնական հայտարարություն՝ քերական հետապնդման մասին դեռ չկա։

Ամենից շատ դիտված