Դեպի Արևմուտք վեկտորի փոփոխությունն՝ առանց հանրության հետ քննարկման, կարող է հանգեցնել իշխանափոխության․ սոցիոլոգ
copy image url

Դեպի Արևմուտք վեկտորի փոփոխությունն՝ առանց հանրության հետ քննարկման, կարող է հանգեցնել իշխանափոխության․ սոցիոլոգ

Ներքին 2 տարի առաջ - 13:05 21-10-2022

«Ընդհանուր առմամբ, Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության՝ խաղաղապահ զորակազմ, թե այլ առաքելություն, ես չեմ պատկերացնում»,- Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Իսկ Հայաստանի փաստացի շփման գծի երկայնքով տեղաբաշխվել են ԵՄ դիտորդները՝ Ադրբեջանի հետ խախտումներն արձանագրելու նպատակով։ Արդյո՞ք հայկական երկու պետությունները տարբեր ուղղություններով են գնում, և ինչի՞ կարող է հանգեցնել դա․ այս թեմայով Oragir.News-ի հարցերին է պատասխանել սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը։

«Ես չեմ հավատում, որ Հայաստանը Ռուսաստանից հեռանա․ եթե դա տեղի ունենա, իհարկե, շատ մեծ անջրպետ է լինելու։ Բայց դա մեծ աշխարհաքաղաքական խնդիր է, միայն մեր ազգային խնդիրը չէ, և կարծում եմ՝ անհավանական է։ Իհարկե, ոմանք փորձեր են անում, իշխանությունն էլ այդ կողմ տանում է, բայց ես անընդհատ ուսումնասիրում եմ բնակչության կարծիքը, և 70-80 տոկոսի համար Ռուսաստանն ամենամոտ գործընկերն է։ Սա այն հարցն է, որ հնարավոր չէ մարդկանց կարծիքը չիմանալով՝ որոշում կայացնել, քաղաքական վեկտոր փոխել»,- ասաց Պողոսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի բնակչությունը երեսուն տարի է, որ բոլոր հարցումներում միշտ առաջին տեղում՝ որպես գործընկեր, բարեկամ երկիր, նշել է Ռուսաստանը, իսկ կողմնորոշում փոխելն այդպես հեշտ չի լինում, դա տարիների աշխատանք է, կամ էլ պիտի արվի բնակչությանը դեմ, իսկ դա կարող է շատ մեծ դժգոհության ալիք առաջացնի։

Դիտարկմանը, որ վերջերս արված հարցմամբ՝ Ռուսաստանը Թուրքիայից հետո երկրորդն էր՝ որպես թշնամի երկիր, Պողոսյանն արձագանքեց․ «Դա հիմարություն է․ ես նայել եմ ամերիկյան հարցումները։ Գիտե՞ք, ոմանք արհեստական բաներ անում են, որ մարդկանց համոզեն, բայց չի ստացվի։ Եթե մենք համարվում ենք ժողովրդավարական երկիր, ապա սա այն հարցն է, որ կարող է միայն մարդահամարով, քննարկումներով արվի, ոչ թե երկու հոգի կաբինետներում նստած՝ որոշեն՝ Հայաստանը ո՛ր երկրի գործընկեր պիտի դառնա»։

Իսկ կարո՞ղ է նման որոշման բարձրացրած դժգոհության ալիքը հասցնի իշխանափոխություն․ «Այո, կարող է և իշխանափոխության հասցնի։ Նման հարցով պետք է ժողովրդի կամքը հաշվի առնեն։ Հայաստանը 250 տարի Ռուսաստանի հետ համագործակցելով է զարգացել, վերջին երեսուն տարիներին էլ Ռուսաստանի հետ և ԱՊՀ-ի, և ՀԱՊԿ-ի, և ԵԱՏՄ-ի անդամ է։ Սրանք պատմական որոշումներ են, որ մի օրում չեն կատարվել։ Հիմա երկու շաբաթում որոշել, որ Հայաստանն այդ բլոր կառտույցներից պիտի դուրս գա, ինչի՞ հիման վրա»։

Հիմնավորում են, որ զենք չի վաճառում, անվտանգությունը չի ապահովում․ «Դրանք դատարկ բառեր են միայն, իսկ իրականում մենք ունենք պատմական ճանապարհ, որ անցել ենք, ունենք Ռուսաստան, որ ասում է՝ Հայաստանն իմ գործընկերն է։ Հիմա այդ ամենը մի կողմ դնե՞նք։ Նեղացել ենք, որ զենք չի տվել․ դա էլ հարց է՝ տվե՞լ է, թե ոչ, չե՞նք դիմել, չե՞նք ուզել, թե՞ այնպես չենք ուզել, իսկ գուցե տվել է, բայց չի ասվում։ Սրանք շատ բարդ հարցեր են։ Սրանք կլոր սեղանի շուրջ որոշվող հարցեր չեն»։

Երեկ Սյունիքում բացվեց Իրանի հյուպատոսությունը՝ տպավորություն էր, որ Իրանը շտապում էր այդ բացումն անել․ «Իրանը միշտ հայտարարել է, որ ինքը սահմանի փոփոխություններ թույլ չի տա, ինքը դրան նայում է՝ որպես ոտնձգություն իր սահմանի նկատմամբ։ Ինքն այդ մասին պարզ ասել է, և իր քայլերն այս տեսակետից շատ տրամաբանված են»,- ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ հայերը՝ որպես ազգ, Հայաստանը՝ որպես պետություն, միշտ բաց է եղել և՛ Արևելքին, և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ին, և՛ Եվրոպային։ «Մենք ունենք Սփյուռք, որ 120-130 երկրում է․ մեր ամենամեծ Սփյուռքը Ռուսաստանում է, երկրորդ ամենամեծը՝ ԱՄՆ-ում։ Այսինքն՝ հակադրվել որևէ երկրի (բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, որ մեր թշնամին են) չի եղել և չի էլ լինելու։ Ռուսաստանի հետ ընկեր լինելը մենք չենք հակադրում ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Սա ոչ թե միամտություն է, այլ՝ պարզապես դավադրություն։ Երբեք Հայաստանը նման հարցեր չի դրել։ Մենք բաց ենք ցանկացած հարաբերությունների՝ Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, մյուսների համար։ Որտեղ մենք Սփյուռք ունենք, մենք այդ երկրների հետ լավ հարաբերությունների մեջ ենք։ Բայց մեր ռազմավարական գործընկերը, որի հետ երեք տարբեր միությունների մեջ ենք, Ռուսաստանն է»։

Ռուսաստան-Արևմուտք ուղիղ հակամարտություն կա Ուկրաինայում, մենք կարո՞ղ ենք այստեղ նրանց միջև պահել հավասարակշռությունը՝ հարցրեցինք․ «Իհարկե, նրանք հակամարտության մեջ են Ուկրաինայի դաշտում, ոչ՝ Հայաստանի։ Փառք Աստծո, մենք այդ հակամարտությունն այստեղ չբերեցինք։ Հիմա որոշ մարդիկ ուզում են դա բերեն այստեղ, բայց ժողովուրդը դեմ է, որովհետև ժողովուրդը բարեկամներ ունի և՛ Ռուսաստանում, և՛ Եվրոպայում, և՛ այլ երկրներում։

Արդյո՞ք անվտանգային հարցերում այստեղ նրանք կարող են համագործակցել․ արդեն այստեղ են ռուս խաղաղապահները, եկան ԵՄ դիտորդները, որ պիտի սահմանին դիտարկումներ անեն․ «Մենք Արևմուտքի հետ անվտանգային հարցերում չենք համագործակցել։ Մեր պարտյորը միշտ էլ Ռուսաստանն է։ ԵՄ դիտորդները ոչ մեկի չեն խանգարում, սա լրացուցիչ միսիա է։ Նորից նշենք․ այդ արհեստական հակադրումները միայն վնասում են Հայաստանին, իսկ դա ավելորդ բան է, որ բերում է սրացման, արհեստական կոնֆլիկտների։ Մենք ուզում ենք հանգիստ ապրել մեր տարածաշրջանում, ունենանք հուսալի գործընկեր, որ մինչև հիմա եղել է Ռուսաստանը»,- ասաց Գևորգ Պողոսյանը։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված