Արտաքին 3 տարի առաջ - 12:18 17-10-2022

ՆԱՏՕ-ն միջուկային զսպման զորավարժություններ է սկսում

ՆԱՏՕ-ի միջուկային զսպման «Դիմացկուն կեսօր» (Steadfast Noon) զորավարժությունները՝ 14 երկրների մասնակցությամբ եւ 60 ռազմական ինքնաթիռներով, մեկնարկում են երկուշաբթի եւ տեւելու են մինչեւ հոկտեմբերի 30-ը։

Դաշինքի հայտարարության համաձայն՝ զորավարժությունները տեղի են ունենալու «Եվրոպայի հյուսիս-արեւմուտքում»՝ Բելգիայի եւ Բրիտանիայի օդային տարածքներում, ինչպես նաեւ Հյուսիսային ծովի վրա։ Զորավարժությունների ժամանակ մարտական զենք չի կիրառվելու։

Բելգիական ԶԼՄ-ները նշել են, որ զորավարժությունների կենտրոն է դառնալու թագավորական ՌՕՈւ-ի Քլյայն Բրոգել ռազմակայանը Լիմբուրգ նահանգում։ Միջուկային զենքի դեմ բելգիական կոալիցիայի տվյալներով՝ այնտեղ են գտնվում ԱՄՆ մարտագլխիկները։ Պաշտոնական իշխանություններն այս տեղեկատվությունը չեն հաստատել։

Ինչպես պարզաբանել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը, «դրանք պլանային ամենամյա զորավարժություններ են, որոնք նպատակ ունեն ապահովել ՆԱՏՕ-ի միջուկային հնարավորություններին աջակցելն անվտանգ եւ արդյունավետ ձեւով»։ Նա ընդգծել է, որ զորավարժությունները կապված չեն Ուկրաինայի ներկա հակամարտության հետ։
Ինչպես ճշտել է RTBF բելգիական հեռուստաալիքը, ՆԱՏՕ երկրների ՌՕՈւ-ի ոչ մի ինքնաթիռ, որոնք մասնակցում են զորավարժություններին, 1 000 կիլոմետրից ավելի չի մոտենա Ռուսաստանի տարածքին։

Այնուամենայնիվ, միջուկային զենքի դեմ բելգիական կոալիցիան իշխանություններից պահանջել է չեղարկել զորավարժությունները՝ նկատի ունենալով միջազգային լարված իրադրությունը։ «Ռուսաստանի հետ միջուկային ոլորտում բարձր լարվածության պայմաններում նման զորավարժություններ անցկացնելն անպատասխանատու գործ է»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։

Հակամիջուկային կոալիցիայում կարծում են, որ նման զորավարժությունները Բելգիայի տարածքում այդ երկիրը պոտենցիալ թիրախ կդարձնեն միջուկային հակամարտության դեպքում, հատկապես հաշվի առնելով այն, որ Բրյուսելում են գտնվում ՆԱՏՕ-ի կենտրոնատեղին եւ ԵՄ-ի գլխավոր ինստիտուտները։

ՆԱՏՕ-ի Ռազմավարական հայեցակարգում, որը թարմացվել է Մադրիդի գագաթաժողովում այս տարվա հունիսին, դաշինքի ղեկավարները հաստատել են, որ «քանի դեռ գոյություն ունի միջուկային զենք, ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել