Թուրքիան և Ղազախստանը մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը
copy image url

Թուրքիան և Ղազախստանը մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը

Արտաքին 2 տարի առաջ - 18:17 12-10-2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր մեկնել է Ղազախստան՝ Թուրքիա-Ղազախստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի չորրորդ հանդիպմանը մասնակցելու համար։

Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էրդողանը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ երկկողմ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ տարածաշրջանային և գլոբալ զարգացումները թյուրքալեզու պետություններից պահանջում են սերտ համակարգման մեջ լինել և ամրապնդել իրենց համերաշխությունը։

Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ Տոկաևի գլխավորությամբ Ղազախստանում իրականացվող բարեփոխումները կնպաստեն ղազախ ժողովրի խաղաղությանն ու բարեկեցությանը։ Նա աջակցություն է հայտնել իրականացվող բարեփոխումներին՝ հույս հայտնելով, որ նոյեմբերի 20-ին Ղազախստանում կայանալիք նախագահական ընտրությունները Ղազախստանի համար արդար և նպաստավոր կլինեն։

Էրդողանը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների համատեսքտում կարևորել է թյուրքալեզու պետությունների համերաշխությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս իր ռազմավարական գործընկեր հանդիսացող Ղազախստանի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և բարօրությանը:

Վերջինս նաև հայտնել է, որ Ղազախստանի հետ ստորագրվել է ևս 6 համաձայնագիր։ «Մայիսին ստորագրված 14 և այսօր ստորագրված 6 պայմանագրերով մենք ընդհանուր առմամբ 20 պայմանագիր ենք կնքել։ Անցյալ տարի մենք մեր երկրների համար սահմանած ապրանքաշրջանառության ծավալով գերազանցեցինք 5 միլիարդ դոլարը։ Մենք նաև շարժվում ենք դեպի միջնաժամկետ 10 միլիարդ դոլարի թիրախին։ Մենք շարունակելու ենք աշխատել տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում մեր կապերի ամրապնդման ուղղությամբ՝ հատկապես Միջին միջանցքի զարգացման գործում։ Մենք նաև նոր քայլեր ենք ձեռնարկելու թուրքական աշխարհի ինտեգրման ուղղությամբ»,- ասել է նա։

Բացի այդ Ղազախստանի նախագահ Տոկաևը Թուրքիայի նախագահին շնորհել է «Բարեկամության առաջին աստիճանի շքանշան»:

Ամենից շատ դիտված