Արտաքին 4 տարի առաջ - 00:38 12-10-2022

Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում անկեղծ է․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում անկեղծ է։ Թուրքական «TVNET» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ներկայումս բոլորին և հատկապես Հայաստանին շատ է անհրաժեշտ, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Հայաստանը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո որոշակի տրավմա է ապրել, և դա անհրաժեշտ է հասկանալ։ Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը նույնպես խաղաղություն է ցանկանում, ինչի մասին փաստում է պատերազմից հետո Հայաստանի ժողովրդի աջակցությունը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Պատերազմից հետո հայ ժողովրդի աջակցությունը Փաշինյանին ցույց է տալիս, որ նրանք խաղաղություն են ցանկանում, իսկ խաղաղություն չցանկացողների ձայնը բարձր է գալիս հատկապես հայկական սփյուռքից: Սա ճնշում է և Հայաստանն էլ պետք է սա հասկանա»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին բանակցություններին՝ Չավուշօղլուն նշել է, որ ներկայիս բանակցությունները նախորդների համեմատ ավելի լավ են անցնում։ Նա կարևորել է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր ստորագրեն՝ ընդգծելով, որ այս գործընթացում որոշակի խնդիրներ կան, ինչպիսին է օրինակ պետական սահմանների ճշգրտման և սահմանազատման գործընթացը։

Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են խաղաղության պայմանագրի հինգ սկզբունքների շուրջ, և այժմ անհրաժեշտ է իրագործել դրանք։ Նա այս գործընթացում կարևորել է հարգանքը՝ երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Վերջինս միևնույն ժամանակ Հայաստանին կոչ է արել «Ադրբեջանի դեմ սադրանքների չդիմել»։

Թուրքիայի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Թուրքիան հայ-թուրքական կարգավորման գործընթացը հայ-ադրբեջանական գործընթացից առանձին չի դիտարկում և իր երկիրը մշտապես համակարգում է իր քայլերը Ադրբեջանի հետ։ Նա նշել է, որ 2009 թվականին հայ-թուրքական կարգավորման գործընթացի շրջանակներում Բաքվի հետ որոշակի նեղվածություն առաջացավ՝ ասելով, որ գործընթացը հնարավոր էր ավելի լավ կառավարել Ադրբեջանի հետ։ «Իսկ հիմա մեր նախագահը և Ադրբեջանի նախագահը մշտական շփման մեջ են, Ջեյհուն եղբորս հետ էլ միշտ շփման մեջ ենք: Իհարկե, մեր այս համագործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ»,- ասել է նա:

Վերջինս նաև հայտնել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Անկարան բազմաթիվ ժեստեր է արել։ Նրա խոսքով՝ Թուրքիան բացել է Հայաստանի հետ օդային սահմանը, մեկնարկել են ուղիղ չվերթները, սահմանային հատվածներում աշխատանքներ են իրականացվում և այլն։

«Սահմանին գետեր կան, անհրաժեշտ է ուսումնասիրել դրանց հունի փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ։ Ճանապարհներ, կամուրջներ, անցումներ կան: Այսինքն, եթե վաղը հարաբերությունները կարգավորվեն, սահմանները պետք է բացվեն ու դրա համար նախապատրաստական աշխատանքներ է պետք կատարել»,- նշել է Չավուշօղլուն։

Նա հավելել է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում այս հարցերը բարեկամաբար և անկեղծ մթնոլորտում քննարկվել են։



Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան