Թուրքիայի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Փաշինյան-Էրդողան հանդիպմանն ընդառաջ հույս է հայտնել, որ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը։ Թուրքական «Anka» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փայլանն իր խոսքում նշել է, որ Թուրքիան և անձամբ նախագահ Էրդողանը պետք է պատասխանատվություն ստանձնեն՝ Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու հարցում։
«Ցավոք սրտի, երկու ժողովուրդները 35 տարի շարունակ կռվում են իրար դեմ և պարտվում են։ Ժամանակն է եկել վերջ ասել պատերազմին։ Թուրքիան պետք է պատասխանատվություն ստանձնի այս հարցում։ Իմ երկիրը պետք է պատասխանատվություն ստանձնի։ Իմ երկրի նախագահը՝ պարոն Էրդողանը, պետք է պատասխանատվություն ստանձնի: Իմ երկրի խորհրդարանը, որի անդամն եմ, պետք է պատասխանատվություն ստանձնի Կովկասում տարածաշրջանային խաղաղության համար»,- ասել է Փայլանը։
Անդրադառնալով այսօր կայանալիք Փաշինյան-Էրդողան հանդիպմանը՝ Փայլանը երկու ղեկավարներին կոչ է արել անհապաղ բացել երկրների սահմանները։ Նա ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան 1993 թվականին Արցախյան պատերազմի հետևանքով փակել է Հայաստանի հետ պետական սահմանը, և այն 30 տարի շարունակում է փակ մնալ։ «Անգամ երկու փակ դռներով հարևանները չեն կարողանում իրենց խնդիրները լուծել։ Բայց եթե դուռը բացենք, սկսենք խոսել, շփվել, ապա կտեսնենք, որ չկա խնդիր, որը չենք կարողանա լուծել»,- ասել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը։
Փայլանն անդրադառնալով Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու գործում Ռուսաստանի ունեցած դերին, նշել է, որ իր համոզմամբ՝ Ռուսաստանն այս հարցում խաղաղություն չի ցանկանում։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները նպաստում են, որ Ռուսաստանն ավելի մեծ գերակայություն հաստատի տարածաշրջանում։
«Երկու տարի առաջ պատերազմի ժամանակ ես ասացի, որ այս պատերազմի պարտվողները կլինեն և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան։ Ցավոք, ես ճիշտ էի։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտվեցին։ Թուրքիան նույնպես պարտվեց, որովհետև Ռուսաստանը ավելի շատ գերակայություն հաստատեց տարածաշրջանում՝ որպես այդ զինադադարը ապահովող ուժ։
Ռուսաստանը գնաց և Ադրբեջանում բազաներ հիմնեց, իր բանակը տեղավորեց։ Նա ավելի շատ գերիշխանություն հաստատեց Հայաստանի նկատմամբ»,- նշել է պատգամավորը։
Փայլանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ հայերը և ադրբեջանցիները կհաշտվեն միմյանց հետ, իրար եղբայր կանվանեն և Թուրքիային նույնպես եղբայր կհամարեն։ Նրա համոզմամբ՝ հնարավոր կլինի հասնել նրան, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:
«Այդ ժամանակ մեզ ոչ ռուսը, ոչ ֆրանսիացին, ոչ էլ ամերիկյան պետք կգա։ Միասին մենք կապահովենք տարածաշրջանային խաղաղության օրհնությունները։ Մենք նորից միասին կապրենք եղբայրաբար։ Մենք միասին ենք ապրելու՝ կիսելով մեր հացն ու ջուրը։ Մեր առջև կա ևս մեկ հնարավորություն»,- եզրափակել է Փայլանը։