Ներքին 3 տարի առաջ - 18:17 27-09-2022

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ

Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, բացահայտորեն արհարմարհելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ։

Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում և ոգեկոչում 44-օրյա պատերազմում ընկած մարտիկների հիշատակը, ովքեր պայքարեցին մեր հայրենակիցների առաջ ծառացած գոյութենական վտանգը կանգնեցնելու համար։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու, իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու արարելու իրավունքից զրկելու, և ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժի կիրառմամբ լուծելու Ադրբեջանի պետական քաղաքականության հանցավոր դրսևորում էր։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմից առաջ և ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության չդադարող ռազմատենչ, առավելապաշտական, հայատյաց հայտարարությունները։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, պատերազմական հանցագործություններ և զանգվածային այլ ոճրագործություններ՝ հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակավայրեր և մշակութային հուշարձաններ։ Անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, արտադատական սպանությունների են ենթարկվել գերության մեջ հայտնված հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք։

Դեռևս չլուծված են մնում բազմաթիվ հումանիտար խնդիրներ. Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր էլ շարունակվում է հայկական հոգևոր ու պատմամշակութային ժառագության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման հետևողական քաղաքականությունը։ Այս ոճրագործությունների վերաբերյալ իր հստակ գնահատականն է տվել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը՝ գտնելով, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Այս պարագայում առավել քան հրատապ է միջազգային համապատասխան մարդասիրական կառույցների անարգել մուտքը և գործունեության ապահովումը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ։

Ոգեշնչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի և իրականացրած հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքով՝ 2021թ․ մայիսի 12-ին, 2021թ․ նոյեմբերի 16-ին և 2022թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիայի են դիմել արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը:

Այսօր էլ ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները՝ մերժելով անգամ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավորի, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյության փաստը:

Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման մոտեցումը և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության և կայունության հաստատմանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան