Ուսուցիչների շրջանում անցկացվող վերջին ստուգումները ոչ միայն չեն լուծում կրթության ոլորտի խնդիրները, այլև վարկաբեկում են ուսուցչի որակավորման բարձրացման գաղափարը, թուլացնում նրա դիրքը՝ պետության ու կրթական ոլորտում։
Այս մասին
Oragir news-ին ասաց Բանասիրական գիտությունների դոցենտ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Հայոց լեզվի ուսուցիչների կամավոր ատեստավորման վերջին արդյունքներին։
Հիշեցնենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած վերջին տվյալներով՝ թեստավորմանը մասնակցության հայտ ներկայացրած 739 ուսուցիչներից 300-ից ավելին բացակայել էր։ Իսկ ներկաներից միայն 15-ն էր հաղթահարել առաջադրանքների 90 տոկոսի շեմը։ Մոտ 50 ուսուցիչ առաջադրանքների մինչև 50 տոկոսն էր ճիշտ լրացրել։ Եղել էին նաև թեստերի միայն 20 տոկոսը հաղթահարած մասնագետներ։
Նարինե Դիլբարյանի խոսքով՝ ուսուցիչների մոտ չկա վստահություն՝ ատեստավորման հարցաշարերի կազմման մեխանիզմների ու մոտեցումների նկատմամբ, քանի որ դրանց նախապես ծանոթանալու հնարավորություն իրենք չունեն։ Որոշ ուսուցիչներ էլ կանգնում են մեկ այլ խնդրի առաջ․ ատեստավորման համար առանձնացված գրացանկերում ներառված են ոչ թե վերջին, այլ դրանց նախորդող հրատարակությունները։ Դրանց բովանդակությանն, ըստ մասնագետի, շատ երիտասարդ մանկավարժներ պարզապես ծանոթ չեն։
«Ընդ որում, կազմված այդ հարցաշարերը չեն բխում ներկա իրավիճակից, և առաջադրվող խնդիրները հստակ չեն։ Մենք չպետք է մարդկանց ահաբեկենք թեստերով ու ցածր արդյունքներով։ Թեստավորումից առաջ մարդկանց պետք էր ռեալ վերապատրաստել, հարցաշարերն ու գրացանկն ամբողջությամբ պետք է տեղադրվեին, որպեսզի հետագայում հնարավոր լիներ գնահատել արդեն վերապատրաստված մասնագետի գիտելիքները»,- հայտարարեց փորձագետը։
Այս առումով՝ նա հիշեց հարևան Վրաստանի օրինակը՝ ուսուցիչների թեստավորման գործընթացից առաջ։
«Իրենց գիտելիքների թեստավորման կենտրոնի կայքում հարցաշարերն ու նմուշները տեղադրված էին, ուսուցիչների համար կազմակերպվում էին ուսուցողական վարժանքներ։ Իսկ, օրինակ, այդ նույն Վրաստանում հայոց լեզվի թեստավորման ժամանակ հարցաշարը պետք է Հայաստանից լիներ, քննությունը, սակայն, կայացավ, բայց առանց այդ հարցաշարի ու նյութերի»,- հիշեց Նարինե Դիլբարյանը։
Ավելի վաղ հայտարարվել էր նաև, որ կամավոր ատեստավորման արդյունքներով 60-ից բարձր միավոր գրանցելու դեպքում պետական դպրոցի ուսուցչին աշխատավարձի 30- 50 տոկոս հավելավճար կտրվի։ Մասնագետն անդրադարձավ նաև այս փաստին և հայտնեց․ աշխատավարձերի բարձրացումը չպետք է կապվեր մասնագետների ատեստավորման հետ։
Այն պետք է իրականացվեր փուլ առ փուլ՝ մի շրջան բարձրացնելով ընդհանուր աշխատավարձերը։
«Ես, իհարկե, հեռու եմ այն մտքից, որ մեր ուսուցիչների զգալի մասն ունի ցածրորակ գիտելիքներ։ Ընդհակառակը, մենք ունենք բավականին լավ պատրաստված ուսուցիչներ, որոնք չափազանց համեստ աշխատավարձով ապրում են։ Ընդ որում, ոստիկանության համակարգի աշխատողները, անկախ իրենց որակավորման մակարդակից, ոստիկանի վարքականոնից և բարոյական արժեքներին տիրապետելուց, շատ բարձր աշխատավարձեր են ստանում՝ առանց որևէ ատեստավորան»,- նկատեց Նարինե Դիլբարյանը։
Նա ընդգծեց, որ վերջին փոփոխությունների հետևանքով վնաս կրել են ո՛չ միայն ուսուցիչները։ Անընդունելի համարելով նաև ԲՈՒՀ- երի որոշ ֆակուլտետներ ընդունելության քննությունների ժամանակ հայոց լեզվի կամընտրականության սկզբունքը։
Ըստ նրա՝ նախարարությունից ավելի վաղ հայտնել էին մայրենին կրկին պարտադիր առարկաների ցանկ ներառելու մասին, ինչը, սակայն, այդպես էլ չիրագործվեց։
«Կամընտրականն աղետ է։ Խոստանալ մի բան և դա չանել՝ միանշանակ, դիտավորություն է կամ սխալների, վրիպումների մի քանակ, որի ահագնություն ցույց է տալիս, որ դրանք ոչ թե սխալներ են, այլ պարզապես ծրագիր է։ Ամենայն պատասխանատվւթյամբ հայտարարում եմ, որ դա պետության կործանման ուղիղ ճանապարհն է։ Մայրենի լեզվի վատ իմացությունը բերում է մայրենիով ամրագրված մշակութային ու գիտական գաղափարների վատ իմացության։ Արդյունքում մենք ունենում ենք մասնագետներ, որոնք օտար ազդեցությունների կրողներ են և չեն կարող իրենց ունակություններն ի սպաս դնել ՀՀ-ին»,- հայտնեց Դիլբարյանը։
Ըստ մասնագետի՝ խնդիրը պետք է լուծել համակարգային մոտեցմամբ, այն է՝ հայոց լեզուն կրկին դարձնել պարտադիր առարկա՝ բոլոր ֆակուլտետների համար։