Շարունակվում է ապացույցների հավաքագրումը պատերազմի հանցանքները փաստագրելու համար, անպայման պետք է ամեն ինչ անենք, որ ապահովենք հիմքեր ադրբեջանական իշխանությունների միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու համար․ այսօր հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ապացույցներով հստակ երևում է, որ նրանք այս բոլոր վայրագությունները, որ կատարում են ոչ թե առանձին հանցանքներ են, այլ միասնական քաղաքականության մասեր են, միասնական են։ Իրենք իրենց զինծառայողներին միայն խրախուսում են։ Օրինակ, մենք անգամ չգիտենք, այս խոշտանգողները պատասխանատվության ենթարկվե՞լ են․․․ Իհարկե, չեն ենթարկվել։ Այստեղ կարևոր է ադրբեջանական բարձրագույն իշխանությունների քրեական պատասխանատվությունների հարցը, որովհետև պատերազմական հանցանքների հետ կապված ապացույցները դրան են տանում»,- ասաց նա։
Ադրբեջանական սոցտիրույթից տարածվող տեսանյութերը պարունակում են բազմաթիվ դրվագներով փաստեր հանցագործությունների մասին։ Ըստ Թաթոյանի՝ իրականացվում է ադրբեջաներենից այդ վայրագությունների թարգմանություններ ռուսերենով, անգլերենով, հարկ եղած դեպքում նաև՝ այլ լեզուներով։ Փաստերն ամրագրվելու են այդ տեսանյութերով, իրականացվում են բնութագրություններ, կապվելու է ամեն ինչ վերլուծությամբ։
«Այն մասը, որ հնարավոր լինի, կհրապարակենք, այն մասը, որ հնարավոր չի լինի, կներկայացնենք միջազգային հանրությանը՝ վերլուծությամբ»,- նշեց Թաթոյանը։