Ներքին 4 տարի առաջ - 23:42 15-09-2022

Ադրբեջանը Ժնևի կոնվենցիաների խախտմամբ գերեվարել է ճանաչված առնվազն 7 ռազմագերու. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Հայաստանի վրա ադրբեջանական կողմի վերջին հարձակման հետևանքով, Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտմամբ գերեվարվել է ճանաչված առնվազն 7 ռազմագերի, լուրջ վնասներ են կրել քաղաքացիների մոտ 200 տներ, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղահանել է առնվազն 2750 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում:

Մարգարյանը նախ երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի նախագահությանը՝ ՀՀ ԱԳ նախարարի խնդրանքով հրատապ նիստ գումարելու համար։

«Հանդիպումը տեղի է ունենում իմ երկրի համար ծանր պահին, քանի որ հանցավոր ագրեսիայի գործողություններ են իրականացվել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտումով։
Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան, Հայաստանի հարևանը՝ արևելյան հատվածից, որը մի քանի անգամ ավելի մեծ է՝ տարածքով, բնակչությամբ և ռեսուրսներով: Ադրբեջանի թշնամական վարքագծի, հռետորաբանության և չվերահսկվող, անհամաչափ բռնության արձանագրումը ցույց է տալիս միջազգային իրավունքի յուրաքանչյուր դրույթի, նորմի բացարձակ անտեսման ամենավտանգավոր օրինակն ու բացահայտում է Ադրբեջանի՝ տարածաշրջանում պատերազմներ, ավերածություններ և անկայունություն հրահրելու հստակ մտադրությունը»,-ասաց Հայաստանի ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի հարձակումը խլել է 105 մարդու կյանք, կան տասնյակ վիրավորներ, անհետ կործածներ, տարբեր տեսակի նյութական վնասներ, այդ թվում վնասվել են քաղաքացիական բնակավայրեր և ենթակառուցվածքներ: Այս պահին թվերը միայն նախնական են։ Քաղաքացիների մոտ 200 տներ լուրջ վնասվել են, դրանցից ավելի քան 60-ն ամբողջությամբ ավերվել է։
Մարգարյանն ընդգծեց, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղահանել է առնվազն 2750 մարդ, այդ թվում՝ 370 երեխա և հաշմանդամություն ունեցող 55 անձ:

«Ջերմուկ առողջարանային քաղաքի հրետակոծությունը, որը բացարձակապես չունի ռազմական թիրախներ, ոչ այլ ինչ է, քան պատերազմական հանցագործություն, ինչպես նաև հարվածները Կեչուտի ջրամբարի վրա: Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ գերեվարվել է առնվազն 7 ճանաչված ռազմագերի, վիդեո ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում կարող են լինել ավելի շատ գերիներ: Հարձակման թիրախ են դարձել ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի լրագրողները, որոնք կատարում էին իրենց աշխատանքը՝ լուսաբանում էին իրադարձությունները»,-շեշտեց Մարգարյանը:

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստն անցկացվում է ՀՀ տարածքայի ամբողջակաության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ դիմումի հիման վրա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել