«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի ներառական ուղղվածությամբ
copy image url

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի ներառական ուղղվածությամբ

Մշակույթ Ներքին 2 տարի առաջ - 14:36 16-08-2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը օգոստոսի 18-28-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ, «Միասին կարող ենք» խորագրով:

«Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ:

Հայաստանյան և միջազգային ֆիլմերը, միջոցառումները դուրս կգան դահլիճներից. շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները 10 օր շարունակ կդառնան հայաստանցիների և զբոսաշրջիկների առօրյայի անբաժան մասը՝ ծավալվելով մայրաքաղաքի սրտում և գեղատեսիլ Լոռու մարզում:

«Ֆրեսկո» փառատոնը մշակութային երկխոսության առիթ է, որը Հայաստանը դարձնում է արդիական շփումների խաչմերուկ: Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների տարածքում, Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, ինչպես նաև մարզային ներառական մշակութային ճամբար: Այս տարի փառատոնն աշխարհի տարբեր երկրներից իր շուրջը կհամախմբի արվեստագետների, կինոգործիչների և մտավորականների:

Փառատոնի նպատակներից է ակտիվացնել հատկապես մարզային մշակութային կյանքը: Վանաձորում տեղի կունենան հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա արվեստագետների հետ, որոնց թվում կլինեն վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը («Փարաջանովի ֆենոմենը» խորագրով հանդիպում), իսրայելցի լուսանկարիչ, լրագրող Դմիտրի Բրիկմանը («Երուսաղեմի աղոթքը. ֆոտոթարգմանություն» խորագրով հանդիպում) և այլք: Փառատոնի շրջանակում «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» կիրականացվի նաև մշակութային օր. կցուցադրվի միջազգային ներառական ֆիլմ, տեղի կունենա հանդիպում-քննարկում փառատոնի օտարերկրյա մասնակիցների հետ:

«Ֆրեսկոն» համախմբում է տարբեր սերնդի և ճաշակի հանդիսատեսի՝ ռոքից մինչև դասական, դասականից մինչև ժողովրդական: Համերգային ծրագրին կմասնակցեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները, դաշնակահար Հայկ Մելիքյանը, երաժիշտ Վահան Արծրունին, «Հորովել» երգի-պարի անսամբլը, Վանաձորի «Կամերային երգչախումբը», «Հովել» երաժշտական նախագիծը և «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը: Հանրաճանաչ արտիստները ելույթ կունենան հաշմանդամություն ունեցող տաղանդաշատ երաժիշտների հետ: Համերգները կհամալրվեն յուրօրինակ պերֆորմանսներով:

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն ավելի քան 40 միջազգային ֆիլմեր (Հայաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կորեա, Իսպանիա, Իտալիա, Բրազիլիա և այլն)՝ խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, որոնք ժխտում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում են խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին՝ ներկայացնելով նրանց կարողությունները, արարելու և աշխատելու ներուժը:

«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:

Այս տարի փառատոնի շրջանակում Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում կիրականացվի ներառական մշակութային ճամբար, որին կմասնակցեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ մասնագիտացված կառույցների սաներ: Իրենց տեսակով Հայաստանում եզակի «Ֆրեսկո» ճամբարները երեխաների համար ոչ միայն հասարակության լայն շրջանակում ինտեգրվելու հրաշալի միջոց են, այլև Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ:

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն արտադպրոցական ստեղծագործական հաստատություն է, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ապահովում է գեղագիտական մասնագիտական կրթությամբ:

Փառատոնի աջակիցներն են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին