Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:05 22-07-2022

Արձակուրդային ամբարտավանությո՞ւն

Ընդդիմությունը դարձյալ արձակուրդ վերցրեց։ Գուցե իրոք արդյունավետ չէր լինի կեսօրի շոգին բողոքի ցույց անցկացնելը. ժողովուրդը կիզիչ արևի տակ արագ կնվաղեր ու չէր կարողանա հուժկու պալքարել։ Բայց կեսօրին երբեք էլ՝ ո՛չ աշնանը, ո՛չ էլ գարնանը, ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հիմա էլ, երբ շոգ է, հանրահավաքները չանել իրիկվա հովին, ինչպես միշտ է եղել։

Հետևաբար երկիրն ու ժողովրդին ահավոր վիճակում թողնելն ու ահավոր շոգի պատճառով արձակուրդ գնալը նման են նրան, երբ կորցրածը որոնում են այնտեղ, որտեղ լույս է։ Անհնարին է անտեսել, որ վերջին տարիներին գարնանն էլ, ձմռանն էլ ու անկախ հանրահավաքի կամ բողոքի ցույցի ժամից՝ իշխանափոխություն ուզող ժողովուրդը հանրահավաքի էր գալիս` իր բողոքն արտահայտող նոր քայլն անելու, ինչ-որ հույս արթնացնող նոր խոսք լսելու, թավշյա ռեժիմը տապալելու վճռական գործողություններին նաև իր որոշիչ մանակցությունը գումարելու ակնկալիքով։ Եվ խտացող անորոշությունից անհույս նվաղում էր իր իմացածը կամ հազար անգամ լսածը նորից լսելուց ու ոչինչ չանելուց։ Ուրեմն հրապարակ դուրս եկած ընդդիմության արձակուրդի բուն պատճառը ամենևին էլ ամառը չէ։

Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարել է չարիքի դեմ պայքարել ընդմիջումներով կամ սեզոնային արձակուրդներ ու թեժացումներ հայտարարելով, առանց ընդգծված առաջնորդի, կաղապարված ու փոխադարձորեն իրար չվստահող կազմով, անելիքների ծրագիր ունենալու մասին խորհրդավոր հաստատումներով ու ոչինչ չանելով։ Սա անելիքի հրատապությունն ու անհրաժեշտությունը չգիտակցելու դրսևորում է։ Մինչդեռ անելիք շատ կա։ Չէ՞ որ թավշյա ռեժիմը անգամ արձակուրդի ժամանակ չի դադարում չարիք գործել, թշնամին շարունակում է Արցախը իր ժանտ գրկում խեղդել, Հայաստանից հատված առ հատված պոկել ու դիվանագիտական հաստատագրումներ կատարել։ Իսկ քառամյա գաղջությունից ու անորոշությունից զզված ժողովուրդը արագացող տեմպով շարունակում է արտագաղթել նաև քաղաքական արձակուրդի փուլում։

Ա՛յ, հենց մինչև վերջ աննկուն պայքարողի տեսակ ընկեր Իշխանն էլ երեկ հայտնեց, որ «մտավորականների, գիտնականների ու հասարակական հայտնի գործիչների հետ» հանդիպման ընթացքում «կարմիր թելի նման» ընդգծվել է, որ «պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից և ձեռնամուխ լինել հայրենիքի վերաշինմանը»։ Այո՛, հենց դա է ուզում ժողովուրդը, դա է անհրաժեշտ` պետականությունը չկորցնելու համար, բայց անհասկանալի է մնում «օր առաջ» ասելն ու մի ամբողջ օգոստոս բաց թողնելով` արձակուրդ գնալը, միայն սեպտեմբերին նոր սրացումներ խոստանալը։ Անհրաժեշտը գիտակցելն ու այն չանելը, դարձյալ հետաձգելը միայն հուսահատությունն ու անորոշությունն են խտացնելու, ժողովրդի նվաղումն է էլ ավելի խորացնելու։ Թավշյա ռեժիմի ազգակործան գոյությունն է երկարաձգելու, տոտալ քաոսն ու համընդհանուր ճգնաժամն է ահագնացնելու, հոգեվարք ապրող բռնակալի հրահանգած կալանքների ու ռեպրեսիաների զոհերն են բազմապատկվելու։

Իսկ ինչո՞վ է այս արձակուրդային տրամաբանությունը տարբերվում մարդուն, քաղաքացուն, զինվորին, ժողովրդին իր նեղ կրավորական նկրտումների մատերիալ համարող թավշյա վարչակալի՝ «գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար» ամբարտավան պնդումից։ Իսկ ո՞վ ասաց, որ երկիրն ու ազգը կարող են անվերջ սպասել։ Այսօր ժողովրդի դեմ ծառացած խնդիրը շատ պարզ է. եթե ռեժիմը մնում է, պետականությունը կորցնում ենք, եթե ժողովուրդը կարողանում է վերցնել իրենից խլված իշխանությունը` հայոց պետականությունը, զույգ պետությունները պահպանելու շանս ենք ստանում։ Ինչո՞ւ է հրապարակ դուրս եկած ընդդիմությունը այդպես վստահ, որ այս խնդիրը լուծվելու է քաղաքական եղանակով, ու համաշխարհային նոր պատերազմի դաշտ դառնալու վտանգի առջև կանգնած մեր երկրում ժողովրդական պոռթկում չի լինելու մինչև սեպտեմբեր։ Իսկ գուցե, հենց դա է արձակուրդ գնալու թաքնված խորհուրդը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի