Ուղիղ եթեր
Սեպտեմբերից Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի․ Արմեն Գրիգորյանը՝ ՊԲ-ում ծառայության մասին
copy image url

Սեպտեմբերից Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի․ Արմեն Գրիգորյանը՝ ՊԲ-ում ծառայության մասին

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 11:04 19-07-2022
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու: Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև։

-Պարո՛ն Գրիգորյան, վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննադատություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղից հանում է զորքերը, այդպիսով ԼՂ-ն թողնելով անպաշտպան: Ինչպե՞ս եք արձագանքում այս քննադատություններին:

-Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է:

-Բայց դա չի՞ նշանակում Լեռնային Ղարաբաղն իրոք անպաշտպան թողնել:

-Ո՛չ, որովհետեւ նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որեւէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի:

-Բայց Փառուխի դեպքերը ցույց տվեցին, որ այդպես չէ…

-Փառուխի դեպքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ կիրառելի միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Ռուսաստանի Դաշնությունը մեզ հավաստիացրել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից, եւ մենք հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց: ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, և խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում։

-Բայց ճշգրիտ լինելու համար. ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվում են պայմանագրայիններո՞վ, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից:

-Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ:

-Այսինքն՝ հայաստանյան ժամկետային զինծառայողներ սեպտեմբերից հետո չե՞ն լինելու ԼՂ-ում:

-Ո՛չ: Բայց ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու:

-Իսկ պայմանագրայիննե՞ր:

-ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կծառայեն նաեւ պայմանագրայիններ:

-Նաեւ Հայաստանի՞ց:

-Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում:

Ամենից շատ դիտված

14:40 Մահացածը 28 տարեկան էր, գնացել էր երեխայի սեռը իմանալու. մանրամասներ՝ Գեղարքունիքի ողբերգական վրաերթից
22:58 Հայտնի հայ բլոգերը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնի
16:51 Հայաստանում քիչ առաջ տորնադո է դիտվել․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
19:26 Սոլնեչնոգորսկում այրվում է «Արմենիա Մարկետ» շուկան
19:54 Սահմանամերձ գյուղերում ադրբեջանցիներ են ապրելու՝ իրենց անվտանգության ուժերի հետ. Ալեն Սիմոնյանը անոնսն արել է
20:05 Ադրբեջանը հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից. Շարիֆի ելույթը՝ օկուպացված Բերձորում
19:44 Արթիկում պտտահողմը և խոշոր կարկուտը վնասել են տանիքներ, արմատախիլ արել ծառեր
17:21 Կին ու տղամարդ կռվել են` եղանով ու բահերով. սառնաղբյուրցի 100-ամյա տատի պատմությունը
11:22 Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան
22:21 Ամուսնության առաջարկություն` «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ