Բարձրագույն դատական խորուրդը հուլիսի 11-ին որոշում է ընդունել, որով որոշել է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Մերի Համբարձումյանին առաջարկել Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով: Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի վարկանիշը, ըստ դատական համակարգի «helpcourt.am» կայքի, 4 է, 5 փաստաբան նրան դրական գնահատական է տվել, 1 փաստաբան՝ բացասական։ Համեմատության համար նշենք, որ ամենամեծ վարկանիշ ունեցող դատավոր Դավիթ Բալայանը ունի 54 վարկանիշ, իսկ ամենացածր վարկանիշ ունեցող Տիգրան Սիմոնյանը՝ -13 վարկանիշ։
Մերի Համբարձումյանին բացասական գնահատական տված փաստաբան Վարազդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով դատավոր Մերի Համբարձումյանին, ասաց․ «Որպես Վարչական դատարանի դատավոր՝ Մերի Համբարձումյանը ապաքաղաքական գործերով գուցե և շատ լավ դատավոր է, նորմալ, օբյեկտիվ քննություն է իրականացնում։ Ես դա չեմ բացառում։ Բայց դատավորի իրական օբյեկտիվությունն ու վարկանիշը կախված են նուրբ քաղաքական գործերով իրենց սկզբունքայնության դրսևորումից, այսինքն՝ իրենք դիմանո՞ւմ են ճնշումներին, սկզբունքայի՞ն են, այդ դեպքում են իրենք լավ դատավոր, իսկ ապաքաղաքական գործերով բոլորն էլ սկզբունքորեն կարող են արդարադատություն իրականացնել»։
Մերի Համբարձումյանի ներկայացրած տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա բաժնային սեփականությամբ տիրապետում է անհատական բնակելի տան Գյումրիում՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, և բազմաբնակարան բնակելի շենքի՝ Երևանի կենտրոնում (բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը): Բացի այդ՝ Համբարձումյանը համատեղ սեփականության իրավունքով մի այդպիսի շենք էլ ունի Երևանի Արաբկիր վարչական շրջանում, համատեղ սեփականությամբ ավտոտնակ և 2005 թվականի արտադրության «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենա։ Դատավորի՝ 2021 թվականի վերջին բանկային հաշիվներին ունեցած գումարը կազմել է 746 հազար դրամ և 3 հազար 441 ռուբլի, կանխկին դրամական միջոցները կազմել են 4 մլն դրամ։ Մերի համբարձումյանը հաշվետու տարվա ընթացքում 9 մլն 667 հազար դրամ աշխատավարձ և 3 մլն 234 հազար դրամ՝ ֆինանսների նախարարությունից, ինչպես նաև 14 հազար դրամ՝ Արդարադատության ակադեմիայից։ Oragir.news-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Մերի Համբարձումյանի ամուսինը՝ Արթուր Տոնոյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի մտերիմ ընկերն է։
Ստորև ներկայացնում ենք նաև Մերի Համբարձումյանի պաշտոնական կենսագրությունը։
Ծնվել է 1986 թվականին քաղաք Գյումրիում: 2007 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2009 թվականին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2009 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ: 22.06.2010 թվականից մինչև 01.10.2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական: 2010 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ սկզբում որպես ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի հարցերով պատասխանատու, այնուհետև՝ որպես ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության մասնագետ: 2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ: 2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: 2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 3 տարի ժամկետով: