Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:28 06-07-2022

Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությանը

Փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 2022 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսությանը։

Միջոցառմանը մասնակցել և ելույթով են հանդես եկել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, այլք։

Փոխվարչապետը շնորհավորել է շրջանավարտներին խորհրդանշական օրվա առիթով և նշել.

«Ողջունում եմ ձեզ և՛ որպես պետական այր, և՛ որպես Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, և՛ պարզապես որպես հայ մարդ, որի համար բարձրագույն և անկորչելի արժեքներից մեկը եղել ու մնում է կրթությունը։

Հայաստանի Հանրապետությունը, իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան, այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով, գիտակ, պատասխանատու, նորարար, ստեղծագործական մեծ ավյունով լի երիտասարդներով, որոնք պատրաստ են կառուցելու իրենց ընդհանուր տունը՝ ապավինելով գիտելիքի ուժին, և որոնք պատրաստ են դառնալու խաղաղության, համերաշխության և բարության ջատագովներ մեր երկրում և համայն աշխարհում։

Հայաստանի Հանրապետության կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ միայն հնարավոր է հասնել երկրի կայուն զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Գիտելիքի և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են:

Կառավարությունը, ըստ այդմ, 2021-2026 թվականների իր ծրագրում ամրագրել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները՝ որպես պետության զարգացման գերակայություն: Բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավումը միտված է «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդմանը, աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը և անշուշտ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում կերտող քաղաքացու ձևավորմանը:

Բարձրագույն կրթություն իրականացնող հայաստանյան բուհերի շարքում իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Բրյուսովը վաղուց արդեն դարձել է յուրօրինակ «բրենդ», որը խորհրդանշում է կրթության դասական արժեքների վրա խարսխված, բայց և նորաշունչ կրթական ծառայություններ մատուցող ուսումնական հաստատություն։ Բրյուսովի համալսարանը վաղուց արդեն կայացել է որպես օտար լեզուների մասնագետներ պատրաստող առաջատար դարբնոց: Իսկ այսօր, մնալով լեզվաբանության ոլորտի առաջատարը, Համալսարանը մեր հասարակությանը ներկայանում է նաև որպես հումանիտար և սոցիալական ոլորտներում բազմաթիվ նոր մասնագետներ պատրաստող կրթօջախ: Ուստի, այսօր աշխարհի բազմալեզու, բազմամշակութային հաղորդակցության համատեքստում շատ կարևոր է Բրյուսովի համալսարանի դերակատարումը։

Սիրելի՛ ներկաներ,

Վստահ եմ, որ իր ուսանողների, բազմահազար շրջանավարտների և աշխատակիցների համար մտքի, հոգու դարբնոց լինելուց զատ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանը հարազատ օջախ է և տուն, բայց նաև աշխարհին ուղղված բաց պատուհան է։ Այսօր այդ պատուհանով գիտելիք ու մասնագիտական փորձառություն տարածողները դուք եք, սիրելի՛ շրջանավարտներ, այդ պատուհանով բազմադարյա իմաստնության ու մարդկության կուտակած փորձի ձեռքբերողները դարձյալ դուք եք, սիրելի՛ երիտասարդներ։

Ես ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսումնառության ավարտի, բարձրագույն կրթության դիպլոմներ ստանալու առիթով։ Ջերմագին շնորհավորանքներս նաև ձեզ, համալսարանի հարգարժան դասախոսներ և աշխատակիցներ։ Խորին շնորհակալությունս ձեր նվիրումի, արհեստավարժության, համբերության, լույսի և գիտության ջահակիր լինելու դժվարին առաքելության համար։

Սիրելի՛ շրջանավարտներ,

Համալրելով Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների շարքերը` վստահ եմ, միշտ և ամենուրեք հպարտությամբ եք կրելու բրյուսովցի լինելու պատիվը, Ձեր բոլոր ուժերը, գիտելիքները ծառայեցնելու եք մեր Հայրենիքի հզորացմանը, ապրելու և արարելու եք ի փառս Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն մեր ժողովրդի։

Ձեզ կանաչ, անխոչընդոտ ճանապարհ եմ մաղթում։ Թող հաջողությունը միշտ և ամենուրեք ուղեկից լինի ձեզ»։

Այնուհետև, փոխվարչապետ Մաթևոսյանը պատվոգրեր է հանձնել լավագույն ուսանող ամենամյա մրցույթի այս տարվա հաղթողներին՝ Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհի Հայկուհի Յայլոյանին և Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի ուսանողուհի Էմմա Ղազարյանին։

Ավարտական հանդիսությունը եզրափակվել է դիպլոմների հանձնման արարողությամբ։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան