Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի զինված ուժերին մեղադրել է Բելառուսի ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ։ Մի քանի օր առաջ հարձակման փորձ է արվել, սակայն բոլոր հրթիռները որսացել են, ասել է նա երկրի Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանը։
«Մեզ սադրում են... Երեք օր առաջ, գուցե մի քիչ ավելի, Ուկրաինայի տարածքից փորձեցին հարվածներ հասցնել Բելառուսի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Բայց, փառք Աստծո, «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է որսալ բոլոր այն հրթիռները, որոնք արձակվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից»,- ասել է Լուկաշենկոն։ Նա իր խոսքերի համար ոչ մի ապացույց չի ներկայացրել։
Լուկաշենկոն նախազգուշացրել է, որ եթե նրանք համարձակվեն հարվածել Գոմելին, Մոզիրի նավթավերամշակման գործարանին, Լունինեց օդանավակայանին կամ Բրեստին, «պատասխանը կլինի ակնթարթային»։
Նա ընդգծել է, որ խոսքը «Պոլոնեզ»-ի և հրթիռների մասին է, որոնք կիրառելիս ինքն ուշադրություն չի դարձնի, թե ով է նստած գրասենյակներում կամ պալատներում: