Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:01 24-06-2022

Ինքը՝ որպես տղա, քաղաքում գոյություն չունի. գործ տվող է. ալավերդցիները՝ Արեն Մկրտչյանի՝ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվելու մասին

ԱԺ 7-րդ և 8-րդ գումարման ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Ալավերդի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորի կուսակցության համամասնական ցուցակը.

«Գիտակցելով 28 բնակավայր ընդգրկող համայնքի ղեկավարման ողջ պատասխանատվությունը և թիմակիցներիս հետ քննարկումների արդյունքում հանգելով այս որոշմանը` պատրաստ եմ ստանձնել այն` ժողովրդի վստահության քվեին արժանանալու պարագայում»,- գրել էր նա։

Հասկանալու համար, թե ինչպես են վերաբերվում Ալավերդի համայնքի բնակիչները ՔՊ-ական պատգամավորին՝ որպես համաքաղաքացի, և տեսնո՞ւմ են նրան համայնքապետի պաշտոնում, Oragir.news-ը զրուցեց Ալավերդի համայնքի մի քանի բնակիչների հետ։

Ալավերդի քաղաքից Կարեն անունով մի բնակիչ մեզ հետ զրույցում ասաց. «Ընդհանրապես, որպես քաղաքացի՝ իմ դիրքորոշումը՝ կապված համայնքային ընտրությունների հետ, անհատական է, ես անհատներով չեմ պայմանավորում քաղաքի խնդիրները, դա ազգային մասշտաբով է։ Իսկ Արեն Մկրտչյանի անձի վերաբերյալ՝ իրեն որ չեմ ճանաչում, չեմ կարող կարծիք արտահայտել, գիտեմ, որ ժամանակին լավ, պայքարող երիտասարդ է եղել, հիմա դառել ա պատգամավոր ու շատ ա փոխվել, որովհետև նախ մտել է ազգային համակարգի մեջ, իսկ ինքը այդ համակարգի զոհերից է, ես տենց եմ գնահատում։ Էս համակարգի մեջ ծառայող մարդիկ, ով էլ լինի համայնքապետ, համայնքի հետ կապված փոփոխություն չի լինելու, լինելու է նույն վիճակը։ Ես շատ եմ բողոքներ լսել, որ երբ գալիս է Ալավերդի, խուսափում է մարդկանց հետ շփվելուց։ Ինքը՝ որպես անհատ, թույլ է։ Այս համակարգն իրեն փչացրել է, ու այնքան թույլ է որպես անհատականություն, որ խնդիրներ չի էլ կարողանալու լուծել, եթե ցանկանա, որովհետև ինքը թույլ խաղացող է, ինքը փոքր զինվոր է, թույլ զինվորի համբավի կոչում ունի, դրա համար էլ հարց չի կարողանում լուծել։ Ես իրեն, որպես քաղաքապետ, ամենավերջինն եմ տեսնում»։

Ալավերդիի բնակիչ Վրեժ Պետրոսյանն էլ Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Ինքը քաղաքում որպես տղա, ո՞նց ասեմ, գոյություն չունի, ինքը ընդամենը եկավ, խցկվեց էդտեղ ու դարձավ պատգամավոր, բայց իրա դեմ մեկ այլ մարդ է կանգնած՝ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը ռոբասերժական է․ հիմա հարց է, թե ով կհաղթի։ Եթե էլի մարդիկ կլինեն, ես երկուսին էլ դեմ եմ։ Ինքը ուղղակի քաղաքում որպես տղա գոյություն չունի, նա պետք է մարդկանց մեջ լինի։ Նա այսքան ժամանակ պատգամավոր է, բայց գրեթե մի անգամ չի եկել մի հարցով համայնքի բնակիչների հետ հանդիպում կազմակերպել։ Իսկ եթե ինքն ինչ-որ հանդիպումներ արել է, դա արել է այնպես, որ մարդիկ չեն էլ իմացել, որ ինքը եկել է, ընդհանրապես չեն կարողացել հանդիպել Արենի հետ, գալիս ա Ալավերդի՝ հոր տուն, գնում ես, որ ուզում ես հանդիպես, ասում են՝ կա՛մ հոգնած ա, կա՛մ քնած ա, կամ էլ ըստեղ-ընդեղա գնացել։ Մի խոսքով՝ եթե մի բան էլ անում ա, զուտ անձնականով ա անում։ Ինքն իմ ընկերոջ տղան ա, բայց ես անգամ իր հոր միջոցով չկարողացա իր հետ կապ հաստատել, ասել, որ քաղաքում խնդիրներ կան, այդ խնդիրներով զբաղվի, հույսս կտրել եմ ու ասել, որ իր հետ չեմ էլ ուզում հանդիպել։ Առայժմ դեռ մարդ չկա, թեկնածուները պետք է ներկայանան, բայց վստահ չեմ, որ Արենն ա հաղթելու։ Նախկինների ռեսուրսներն օգտագործվելու է իրենց դեմ, բայց ամեն դեպքում ժողովուրդն իրենից էլ է դժգոհ»։

Մեկ այլ քաղաքացի՝ Ալավերդու բնակիչ, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ հետ զրույցում ասաց. «Ինքն ոչ մի բան էլ չի կարա անի, ինքը հնարավորույթյուն չունի, որ ինչ-որ բան անի, ես անգամ զարմացա, որ ինքը պատգամավոր է դարձել, խելոք ու խեղճ տղա էր, ուղղակի լավ սովորող էր։ Ինքը արած բան չունի քաղաքի համար, որ հիշեմ, ինքը գործ տվող ա։ Լավ սովորող երեխա էր ռուսական դպրոցում, հետո դառավ պատգամավոր, ու ես զարմացա։ Անցած տարի էլ խոսք տվեցին, որ քաղաքի ներքևի հատվածից դեպի Սանահինի վանքի հատվածը ասֆալտ պետք է անեն, ծրագրում կա, էդ մեր տուրիստական փող բերող բանն ա, հիմա էլ ասում է՝ դե մենք հո չե՞նք ասել, որ այս տարի, ու ամեն ինչը՝ այդպես։ Քաղաքում անգամ լուրեր են շրջանառվում, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տուշոնկի պահը ինքն է ծրագրել, մշակել։ Թե ոնց ընտրվեց, մենք էլ չգիտենք, բայց մինչև էսօր ձենը չենք լսել»։

Oragir.news-ի ՔՊ-ական աղբյուրներից էլ հաղորդեցին, որ ավելի հարմար մարդ չունեն՝ բացի Արեն Մկրտչյանից. «Ինքը մտածում է, որ այնպիսի ռեյտինգ ունի, որ կանցնի»։

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել Արեն Մկրտչյանի հետ՝ հարցնելու, թե արդյոք գիտի Ալավերդի համայնքի խնդիրները և արդյոք պատրաստ է ստանձնել համայնքը ղեկավարելու պատասխանատվությունը։ Հարցը լսելուց հետո Մկրտչյանը խնդրեց կապվել 40 րոպեից, որից հետո այլևս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։