«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքը կրող 42-ամյա Արմեն Կիրակոսյանին երեկ «Էրեբունի» ԲԿ-ից դուրս են հանել։
Oragir.news-ի հետ զրույցում նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ մայիսի 31-ին իր պաշտպանյալը ՔԿՀ-ում ինսուլտ է ստացել, որից հետո տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ. «Երեկ ԲԿ-ում որոշել են, որ այլեւս բուժման կարիք չունի, եւ դուրս են հանել այն դեպքում, երբ իրականում բուժման կարիք կա։ Բացի դա՝ երբ իրեն տեղափոխում են ՔԿՀ կամ դատապարտյալների հիվանդանոց, էնտեղ խնամքի խնդիր կա։ Այսինքն` այդ մարդն ինքնուրույն չի կարողանում հոգալ բնական կարիքները, գամված է անկողնուն։ Իրեն դատապարտյալների հիվանդանոցում չեն ընդունել»։
Փաստաբանի խոսքով` հիմա իր պաշտպանյալը գտնվում է Հանրապետական հիվանդանոցում` վերակենդանացման բաժանմունքում. «Իմ կարծիքով` ինքը նորմալ բուժում չի ստացել։ «Էրեբունի» ԲԿ-ից ասել են` բուժումը ստացել է»։
Սիմոնյանը այդ հարցով դիմել է ՄԻՊ-ին, սակայն այնտեղից կրկնել են ԲԿ-ի պատասխանը, հետագա այլ գործողությունների վերաբերյալ էլ պետք է քննարկի պաշտպանյալի եւ նրա հարազատների հետ։